Սատանայապաշտ գրանցված կազմակերպություններ չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների, ոչ առևտրային միավորումների գրանցման և լրատվության միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը:
Նա նշեց` եթե կազմակերպությունը համապատասխանի սկզբունքներին, պետք է գրանցի` անկախ իր կամքից: «Յուրաքանչյուր մարդ կարող է համախմբվել այն հավատքի շուրջը, որը ցանկանում է»,- նկատեց Էդիկ Մարգարյանը` հավելելով, որ կազմակերպությունները, կրոնական խմբերը գործունեություն ծավալելու համար պարտադիր ենթակա են գրանցման, այլապես չեն կարող ծավալել գործունեություն:
Հարցին, թե գիտի՞ քանի կազմակերպություն կա չգրանցված, պատասխանեց` ոչ:
Վերջինս տեղեկացրեց, որ կառավարության հաջորդ նիստի օրակարգում է դրվելու Կրոնի և խղճի ազատության մասին օրենքի նախագիծը, որը հաստատվելու դեպքում կմտնի ԱԺ:
Ըստ Է. Մարգարյանի ` այս նախագծով մի շարք սահմանափակումներ են սահմանվում: «Նախագծով սահմանված է, որ օտարերկրյա պետությունից կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումն արգելվում է. նրանք իրենց ծախսերը պետք է հրապարակեն: Կարծում եմ` այս օրենքով ավելի լավ կապահովվի հոգևոր անվտանգությունը, քան հիմա է»:






































