Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց մի շարք որոշումների նախագծեր, որոնց հաստատումով փոխվեց իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման կարգը:
«Մինչև 2011 թ. գործող օրենսդրության համաձայն, գործում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման որոշակիորեն բարձ ընթացակարգ, ինչը ժամանակատար է, առաջացնում է լրացուցիչ դժվարություններ, որոշ դեպքերում նաև կոռուպցիոն ռիսկեր է իր մեջ պարունակում, քանի որ անձը իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր գրանցելու համար պետք է մի քանի պետական մարմիններից ստանար համապատասխան թույլտվություններ:
Դրանք էին արդարադատության նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը և կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն»,- ասաց Հ. Թովմասյանը` հավելելով, որ ներկայացվող որոշումներով, այս բարդ ընթացակարգը ավելի կպարզեցվի, և կներդրվի մեկ պատուհանի սկզբունքը:
Ֆիրմային անվանումներն ու համապատասխան հարկային կոդերը այսուհետ անձը կկարողանա ստանալ միայն մեկ պատուհանից, որը կգործի արդարադատության նախարարության համակարգում:
Հ. Թովմասյանի խոսքով` նախատեսված է պետական գրանցման այս կարգի կիրառումը սկսել մարտի 7-ից:









































