ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա խորհրդարանական լսումները նվիրված են Հայաստանում երեխաների կրծքով սնուցման հիմանխնդիրներին և դրանց օրենսդրական կարգավորմանը:
Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ Հայաստանում, օգտվելով օրենքի անկատարությունից, մանկական սնունդ արտադրողները կիրառում են խրախուսման և վաճառքի այնպիսի եղանակներ, որոնք բացասաբար են ազդում կրծքով սնուցման ցուցանիշների վրա:
Բաբլոյանը տեղեկացրեց, որ դեռևս 1981թ. Առողջապահության համաշխարհայինն կազմակերպությունը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ընդունել են «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման մասին» միջազգային կոնվենցիան: Նա նշեց, որ Հայաստանը ևս պարտավոր է հետևել այդ կոնվենցիային և իր ազգային օրենքը մշակել և շրջանառության մեջ դնել` պահպանելով այդ օրենսգրքում նշված կետերը:
«Մեր երկիրը ստանձնել է պարտավորություն` նվազեցնել մանկական մահացությունը 2/3-ով, ինչը, սակայն, առկա ռեսուրսների պայմաններում գնահատվել է դժվար հասանելի, իսկ գործուն միջոցառումների բացակայության դեպքում կարող է նույնիսկ անհասանելի գնահատվել: Հենց այդ պարտավորության իրագործման համար է անհրաժեշտ ունենալ կրծքով սնուցման խրախուսման վերաբերյալ օրենսդրական դաշտ»,- նշեց Բաբլոյանը:










































