France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի դատարանը 4 մահվան դատավճիռ է կայացրել 2.6 միլիարդ դոլարի յուրացման գործով: Ընդհանուր առմամբ, տվյալ գործընթացում ներառված է 39 մեղադրյալ, որոնցից երկուսը ստացել են ցմահ ազատազրկում, իսկ մնացյալը դատապարտվել են տարբեր պատժաժամկետներով՝ ընդհուպ մինչև 25 տարի:
Գործընթացն անցկացվել է դռնփակ պայմաններում, իրանական իշխանությունները չեն հաղորդել դատապարտյալների ինքնությունը: Քրեական գործի հրապարակված նյութերի համաձայն՝ հանցավոր խումբը կեղծ ակրեդիտիվների միջոցով իրանական բանկերում հավաքել է վարկեր՝ «ձեռնարկությունների սեփականաշնորհման համար», ինչից հետո 28 տրիլիոն իրանական ռիալն անհետացել էր անհայտ ուղղությամբ:
Ավելի վաղ, մի շարք իրանական ԶԼՄ-ներ այդ ամենի մեջ մեղադրեցին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մոտ կանգնած անձանց: Սակայն նա կտրուկ հերքեց խարդախների հետ որևէ կապ ունենալը: Իրանում այս բացահայտված հանցագործությունն անվանում են երկրի ժամանակակից պատմության ամենամասշտաբային հանցագործությունը:











































