Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ երկիրն է, որտեղ ինքնասպանությունների ցուցանիշը ցածր է: Այս մասին նշվեց այսօր կազմակերպված Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև-Քիշնև հեռուստակամուրջի ժամանակ: ԱՊՀ երկրների մասնագետներին անհանգստացնում է այդ երկրների տարածքում աճող ինքնասպանությունների ծավալը: Շատացել են նաև դեռահասների շրջանում կատարված ինքնասպանությունները:
Հայաստանում, թեև ԱՊՀ մյուս երկրների համեմատ, ինքանասպանությունների թվի նվազում է նկատվում, սակայն վերջին երկու տարիներին ինքնասպանության դիմողների աճ է նկատվում: Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի խոսքով՝ այն, որ Հայաստանը մշտապես ինքնասպանությունների ցածր ցուցանիշ է ունեցել, պայմանանավորված է եղել նրանով, որ հայերը մշտապես օգնել են մեկը մյուսին՝ թեʼ հոգեբանորեն, թեʼ կենցաղում, բարձր է խոցելի խմբերի՝ հասարակության մեջ ինտեգրվաության աստիճանը: Իսկ վերջին 2 տարիներին արձանագրված ինքնասպանությունների թվի աճը սոցիալ-տնտեսական վատ պայմանների արդյունք է: 2009 թվականին 2010-ի համեմատ 9 տոկոսով աճել են ինքնասպանությունները, իսկ արդեն 2011 թվականին աճը կազմել է 30 տոկոս:
«Գլխավոր պատճառը տնտեսական ճգնաժամն էր, որի պատճառով սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացում նկատվեց: Այն, որ ինքնասպանությունները սոցիալական պատճառ ունեն, փաստում է նաև ինքնասպանության դիմածների տարիքը: Վերջին տարիներին ավելացել է 30-ից բարձր տարիքի ինքնասպանության դիմած տղամարդկանց թիվը»,- նշեց սոցիոլոգը: Հայաստանում տղամարդիկ ավելի շատ են ինքնասպանության դիմում, քան կանայք: Ինքնասպան եղած 10 մարդկանից 6-7-ը, որպես կանոն, տղամարդիկ են:
Մասնագետները գտնում են, որ ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ ամբողջ տարածքում ինքնասպանություները կանխարգելելու համար պետք է պետական ծառայություն գործի և ծրագիր իրագործվի:









































