Տաջիկստանի իսլամական վերածննդի կուսակցության Լեռնային Բադահշանի բջջի ղեկավար Սաբզալի Մամադիզոևը դաժանորեն սպանվել է ինքնավար մարզի վարչական կենտրոնում՝ Խորոգում: Այս մասին հաղորդում էRIA Novosti-ն՝ վկայակոչելով ASIA-Plus կայքը:
Մամադիզոևը կուսակցության բջջի ղեկավարն էր դարձել մեկ տարի առաջ՝ 2011թ. հուլիսին: 2012թ. հուլիսի 23-ին Խորոգում տեղի ունեցած ցույցի ժամանակ նա դժգոհություն է հայտնել Տաջիկստանում առաջացած սոցիալական և տնտեսական պայմաններից:
Պարբերականին կուսակցության անդամներից մեկը հայտնել է, որ ցույցից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են կուսակցական բջջի ղեկավարին: Մամադիզոևին դաժանորեն ծեծել են, իսկ ավելի ուշ նրա վրա կրակել են: Հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին:
Զոհվածի կուսակցության գործընկերների խոսքերով՝ նրան սպանել են ցույցի ժամանակ չափազանց սուր քննադատության համար:
Անցյալ շաբաթ Լեռնային Բադահշանում տեղի էր ունենում հատուկ գործողությունʽ ազգային անվտանգության գեներալ Աբդուլլո Նազարովին սպանած զինված խմբավորման դեմ: Իշխանությունների հաղորդմամբ՝ գործողության ընթացքում բնակչության շրջանում տուժողներ չեն եղել, զոհվել է 12 զինծառայող, 23 մարդ վիրավորվել է: Բացի այդ, հակառակ կողմից սպանվել է 30, ձերբակալվել 40 զինյալ, առգրավվել է ավելի քան 100 միավոր զենք:











































