Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի 2012/13 թթ մրցաշրջանի երրորդ տուրում Դոնեցկի «Շախտյոր»-ն ընթացիկ մրցաշրջանում տարավ իր երրորդ անընդմեջ հաղթանակը:
Խաղը դժվար ընթացք ունեցավ Միրչա Լուչեսկուի սաների համար: Հանդիպման 16-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ալեքսանդր Կուչերը: Մրցակցի կազմում խաղադաշտից հեռացվեցին երկու խաղացողներ` Վիտալի Լիսիցկին` 50-րդ րոպեին, և Մլադեն Բարտուլովիչը` 63-րդ րոպեին:
«Հանքափորներ»-ին հաղթանակ պարգևեց բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն` աչքի ընկնելով խաղավարտին ավելացված 3-րդ րոպեին: Այսպիսով` «Շախտյոր»-ն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 9-ի և Կիևի «Դինամո»-ի հետ կիսում է առաջին հորիզոնականը:







































