15 տարի շարունակ ՏԻՄ ընտրությունները ընկալվել և անցկացվել են որպես միջանցիկ, միջոցառման մակարդակի մի գործընթաց` լուծելով իշխանության վերահաստատման խնդիրը ծայրահեղ աղքատության մեջ նվաղած կիսադատարկ մարզերում: Ընտրությունների ավարտից հետո մարզերում կյանքը շարունակվել է ընդունվածի պես` քաղաքապետը սրբորեն կատարել է «կենտրոնի» հրահանգները, և դա երբեք առարկությունների կամ դիմադրությունների չի հանդիպել: Մարզային կառավարման տխուր ու գոլ կյանքում ավագանու անդամների ստվերներն ընդամենը եղել են քաղաքապետի լուռ, իրավազուրկ վկաները:
2012թ. ՏԻՄ ընտրություններն աղմկոտ սկիզբ ունեցան Գյումրիում` գյումրվա Վարդանիկ-Գալուստ Սահակյան-Աշոտ Աղաբաբյան տրիոյի պարգևած խինդ ու ծիծաղ, Սամվել Բալասանյանի առաջադրում ու այս համատեքստում պարզվելիք հարցեր` Սամվել Բալասանյանը հերթական հավատափոխության կամ` ՀՀԿ-ԲՀԿ ինչ-ինչ համաձայնության մասով:
Գյումրվա այս խառը, խճճված պատմությունների մեջ միակ հեռանկարային նորությունը «Քաղաքը մերն է» հասարակական նախաձեռնության որոշումն է` մասնակցել ՏԻՄ ընտրություններին և Գյումրիում ավագանու անդամության թեկնածություն առաջադրել: «Կազմվել է 25 անուններից կազմված ցուցակ: Մինչև օգոստոսի 4-ը` ընտրությունների նախօրեին 25 անուններից կազմված ցուցակից ընտրություն է լինելու, և հանրային քննարկումների, հասարակական առաջարկների արդյունքում կընտրվեն 8-12 անուններ, ովքեր «Քաղաքը մերն է» հասարակական նախաձեռնության անունից կառաջադրվեն` որպես ավագանու անդամների հավանական թեկնածուներ»,- մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանը և ներկայացրեց անուններ, որոնք ներառված են ցուցակում` Սեյրան Մարտիրոսյան` «Սախարովի» իրավապաշտպանության գրասենյակի ղեկավար, Վահան Թումասյան` «Շիրակ» կենտրոնի նախագահ, Գևորգ Պետրոսյան` «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ, Կարեն Պետրոսյան` տնտեսագետ, Ղարիբ Հարությունյան` տնտեսագետ, Կարինե Մկրտչյան` գործարար, Արտաշես Բոյաջյան` պատմաբան և մի շարք այլ հասարակական, մշակութային գործիչներ: Նախաձեռնության առաջարկած ցուցակում ներկայացված են մարդիկ, որոնք երբեք իշխանության մեջ չեն եղել:
Ի դեպ, այդ անունները` իրենց կենսագրությամբ, լուսանկարներով, հուլիսի 31-ին հրապարակվելու են հայաստանյան մամուլում, նաև` սոցիալական ցանցերում: ՀՀ քաղաքացիներից, հատկապես գյումրեցիներից պահանջվում է ակտիվ լինել և կարծիքներ արտահայտել հնարավոր 25 թեկնածուների մասին: «Եթե այդ 25 անուններից հանրությունը ոչ մեկին չի ցանկանա տեսնել որպես ավագանու անդամ, շատ ուրախ կլինենք նրանցից ստանալ առաջարկներ, քննադատություններ: Եթե ներկայացվածների մասին խոսք ունեն ասելու, ավելի լավ է հիմա ասեն, արտահայտվեն: Բացի դա` Գյումրիում հանրային կարծիքն են ուսումնասիրում` ավագանու հնարավոր թեկնածուների և գործող անդամների մասին»,- հավելեց Լևոն Բարսեղյանը:
Փաստորեն, «Քաղաքը մերն է» նախաձեռնության որոշումն աննախադեպ է ՏԻՄ ընտրությունների պատմության մեջ, որովհետև անգամ մայրաքաղաք Երևանում նման նախաձեռնություն երբևէ հանդես չի բերվել: Երևանու ավագանու անդամների լավագույն քարոզարշավը ընտանիքի անդամների հետ քաղաքապետարանի շենքի ֆոնին լուսանկարվելն էր ու որպես ակցիայի ամփոփում` պաստառի տակ սիրո պրիմիտիվ խոստովանություն` «Ես սիրում եմ իմ քաղաքը»: «Շատ ծիծաղելի տեսարան է,- ասաց Լևոն Բարսեղյանը,- Բայց տարիներ շարունակ սա ենք տեսել: Մեր թիմն առաջին անգամ մշակել է քաղաքի զարգացման երկարաժամկետ հայեցակարգ: Ավագանու ոչ մի անդամ ի նկատի չի ունեցել նման ծրագիր:
Մենք քաղաքի բնակիչներին առաջարկելու ենք քաղաքի խնդիրներն արմատապես լուծելու ելքային, իրատեսական ծրագիր: Ես հասկանում եմ, որ կարծրատիպերը ջարդելը բավականին դժվար գործ է, որովհետև կա քաղաքացիների և ընտրողների բավականին զգալի մի շերտ, որոնք պատրաստ են քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին: Բայց մենք կփորձենք աշխատել և բարձրացնել ավագանու իրական դերն ու նշանակությունը, որն այս տարիների ընթացքում հասցվել է ողորմելի ցածր մակարդակի: Այսինքն` նախաձեռնությունը փորձելու է վերականգնել ավագանու դերն ու նշանակությունը և անկախությունը քաղաքապետի կամայականություններից»:
Իրականում, ավագանին տեղական օրենսդիրի գործառույթներ իրականացնող մարմին է, իսկ քաղաքապետն ու իր աշխատակազմը` գործադիրի գործառույթներ: Ինչպես Լևոն Բարսեղյանն է ասում, քաղաքացիական նախաձեռնությունը պարզապես կարդացել է ավագանու մասին օրենքն ու չափազանց լուրջ է ընդունել այն, ինչ ամրագրված է օրենքի դրույթներում:
«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության այս որոշումը հաստատում է` այլևս պետք է լուրջ ընդունել քաղաքացիական նախաձեռնությունների մարտահրավերներն ու հաշվի նստել դրանց հետ: Մանավանդ, որ այն հստակ քայլ է առաջ` ընդարձակելու քաղաքացիական նախաձեռնությունների գործունեության շրջանակները և նոր մշակույթ ձևավորելու քաղաքացիական պայքարի ձևերի մեջ: «Տասը տարի շարունակ փորձել ենք ուղղել, կարգի բերել ավագանու իրական դերն ու գործառույթները, հրահրել, որ նրանք լինեն նախաձեռնող, բայց չէ` նրանք պատրաստ չէին ստանձնել իրենց գործառույթները: Ուրեմն` մենք ինքներս կանենք այն, ինչ չէին ուզում անել նրանք»:









































