Ռուսական կողմի մասնակցությամբ սիրիական հարցի շուրջ հերթական հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք հանդիպում ենք բոլորի հետ: Մոտ ժամանակներս մենք հանդիպումներ կունենանք թե՛ Ռուսաստանում, թե՛ արտասահմանում, որտեղ ընդդիմադիրները կայանել են»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:
Այս կապակցությամբ նա նշել է, որ երբ Մոսկվա էին գալիս սիրիացի ընդդիմադիրներ, նրանք միշտ նշում էին, որ այն, ինչ կատարվում է, հեղափոխություն է ռեժիմի դեմ:
«Մենք նրանց բացատրում ենք, որ եթե դա հեղափոխություն է, ապա պետք չէ խնդրել, որպեսզի Անվտանգության խորհուրդը իրենց աջակցի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:











































