Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդական բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Մուհիդդին Շեյհանլըն հայտարարել է` եթե Թուրքիան մտնի Սիրիայի հյուսիս, ապա այլևս չի կարողանա դուրս գալ այդտեղից.
«Թուրքիայի միջամտությամբ տարածաշրջանը կվերածվի արյան լճի: Մենք առանց մարտի գրավել ենք քրդական շրջանները: Բաշար Ասադի ռեժիմն արդեն իսկ անելանելի ու անուժ վիճակում է: Ասպես, թե այնպես` իշխանություն չի մնացել: Մենք լցրել ենք առաջացած վակուումը:
Մենք գտնում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Ասադն իր հրաժարականից առաջ միտումնավոր այդ տարածքները զիջել է մեզ, որպեսզի դրանով իսկ Թուրքիային դնի բարդ իրավիճակում: Դա ընդամենը քարոզչություն է: Մեր նպատակը Սիրիայի քրդերի հարցը խաղաղ ճանապարհով լուծելն է:
Դա նշանակում է, որ քրդերն ամբողջովին պետք է ներկայացված լինեն Ասադի անկումից հետո թափանցիկ ճանապարհով ժողովրդի կողմից ընտրված կառավարությունում: Բացի այդ, պետք է ապահովվեն նաև քրդերի իրավունքները: Մենք մեր առջև արյունահեղության նպատակ չենք դրել: Քրդերը, բնականաբար, ապրում են միասնական Քուրդիստանի երազանքով: Դա նաև վերաբերում է մեզ, սակայն այս պահին մենք այդպիսի պլաններ չունենք: Մեր նպատակը դա չէ:
Ինչ վերաբերում է PKK-ին, ապա այն Թուրքիայում գործող կազմակերպություն է: Մեր խորհուրդը աջակցում է Թուրքիայում քրդական խնդրի խաղաղ լուծմանը: Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան կմիջամտի, եթե Սիրիայում ստեղծվի քրդական պետություն: Թուրքիայում կան բազմաթիվ խելամիտ մարդիկ:
Ես չեմ հավատում, որ Էրդողանը կգնա այդ քայլին: Եթե Թուրքիան մտնի այստեղ, ապա այլևս չի կարող դուրս գալ: Թուրքիայի միջամտությամբ տարածաշրջանը կվերածվի արյան լճի: Մենք արյունահեղություն չենք ցանկանում: Մենք մտադիր ենք մեր խնդիրը լուծել Սիրիայի Սահմանադրության շրջանակներում՝ երկխոսության միջոցով»:










































