Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Բուրգասի միջազգային օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած ահաբեկիչը կարող է լինել Բրիտանիայի քաղաքացի: Այս մասին հաղորդում է The Daily Mail թերթը: Պարբերականի տվյալներով՝ բրիտանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները եղել են Բուլղարիայում ահաբեկչության հանգամանքները պարզելու համար, հանդիպումներ են ունեցել գործի հետաքննությամբ զբաղվող իրենց գործընկերների հետ և վերցրել են ենթադրյալ հանցագործի ԴՆԹ օրինակները:
Ահաբեկչի մնացորդների հետազոտությունը ցույց է տվել, որ նա եղել է հաղթանդամ տղամարդ՝ մոտ 95 կգ քաշով: Դա հակասում է առավել վաղ արված այն ենթադրությանը, որ ահաբեկիչը եղել է փոքրամարմին մի տղամարդ, որին ֆիքսել էին օդանավակայանի տեսախցիկները: Տեսակետ կա, որ պայթյունն իրականացվել է հեռակառավարմամբ:
Ավելի վաղ Շվեդիայի անվտանգության ծառայությունը հերքել էր, որ Բուրգասի օդանավակայանի պայթյունն իրականացրել է իր քաղաքացի Մեհդի Ղեզալին:
Հիշեցնենք. հուլիսի 18-ին Բուլղարիայում Բուրգասի օդանավակայանում իրականացված պայթյունի հետևանքով զոհվել էր 7 մարդ, հիմնականում իսրայելցի ուսանողներ: Բացի այդ, վիրավորվել էր 30 զբոսաշրջիկ:
Իսրայելը ահաբեկչության պատասխանատվությունը դրել է Իրանի վրա:









































