Ավրորայի կինոթատրոնում հրաձգության զոհերից մեկը սպորտային լրագրող Ջեսիկա Գաուին է, որը հրաշքով ողջ էր մնացել հունիսի սկզբին Կանադայի Տորոնտո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում նման մի միջադեպի ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով զոհի հարազատներին:
Հիշեցնենք. ուրբաթ գիշերը Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ մի երիտասարդ կրակ է բացել հանդիսատեսի վրա՝ սպանելով 12, վիրավորելով 59 մարդու:
Ջեսիկա Գաուին, որն աշխատում է Ռեդֆիլդ ծածկանվամբ, Twitter-ի իր բլոգում մեկնաբանում էր կինոթատրոնի իրադարձությունները մինչև «հրաձգի» երևալը: Վերջին հաղորդագրության մեջ նա գրել է, որ ֆիլմի ցուցադրությունը 20 րոպեով հետաձգվել է:
Գործակալությունը նշում է, որ այս տարվա հունիսի 2-ին Կանադա կատարած իր այցի ժամանակ Գաուին հրաշքով փրկվել է նման մի միջադեպի ժամանակ: Առևտրի սրահում անհայտ անձի հրաձգությանն այդ ժամանակ զոհ էր գնացել 1, վիրավորվել 7 մարդ: Գաուիի խոսքերով՝ ինքը դեպքի վայրը լքել էր առաջին կրակոցներից 5 րոպե առաջ:










































