Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդի կրտսեր որդին` արքայազն Լորանը, զրկվել է վարորդական իրավունքից արագությունը գերազանցելու համար,- չորեքշաբթի օրը հայտնել են ԶԼՄ-ները:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, արքայազնը ճանապարհային երթևեկության կանոնները (ՃԵԿ) խախտել է Բրյուսելում, որտեղ նա մեքենան վարել է 82 կմ/ժ արագությամբ, մինչդեռ տվյալ հատվածում սահմանափակված է եղել 50 կմ/ժ արագությունը։ Այդ պատճառով էլ ոստիկանության կողմից ժամանակավորապես զրկվել է իր Fiat Punto Abarth մեքենան վարելու իրավունքից:
Սակայն ինքը՝ արքայազնը, հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալուց: Իր հերթին Բրյուսելի դատախազությունում ո՛չ հաստատել են և ո՛չ էլ ժխտել արքայազն Լորանից վարորդական իրավունքը վերցնելու հանգամանքը: Մինչդեռ ԶԼՄ-ներում հայտնվել է նույնիսկ ՃԵԿ խախտման համար գրված արձանագրության համարը:







































