Աշխարհում շոկոլադ արտադրող շվեյցարական խոշոր Nestle ընկերությունը համաձայնության է եկել Fair Labor Association իրավապաշտպան կազմակերպության հետ՝ կակաոյի պլանտացիաներում մանկական աշխատուժի օգտագործումից հրաժարվելու համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, ասոցիացիան 2012 թ. հունվարից կսկսի ստուգել Կոտ դ’Իվուարի մատակարարումները:
Չնայած ընկերության կողմից իրադրությունը փոխելու ջանքերին, համաշխարհային հանրությունը մեղադրում է Nestle-ի ղեկավարությանը՝ հայտարարելով, որ նա ժամանակակից և համապատասխան միջոցառումներ չի ձեռնարկել՝ փոքր տարիքի աֆրիկացիների աշխատուժից հրաժարվելու համար: Nestle-ն հատուկ արձանագրություն՝ կակաոյի պլանտացիաներում մանկական աշխատուժից հրաժարվելու միջազգային համաձայնագիր է ստորագրել դեռ 10 տարի առաջ:
Nestle-ի ղեկավարությունն արդարանում է, որ «կակաոյի մատակարարման շղթան շատ երկար և խճճված է», ուստի «ընկերությունները հաճախ չեն կարողանում հստակ որոշել՝ որտեղից է մատակարարվում կակաոն և ինչ պայմաններում են աշխատում այն հավաքողները»:
«Մանկական աշխատուժը տեղ չունի մեր բիզնեսում»,- հայտարարել է Nestle-ի տնօրեններից մեկը:
Պլանտացիաներում աշխատող երեխաների և իրավապաշտպանների վկայությունները ցույց են տալիս, որ հաճախ անչափահաս երեխաներին բռնի են աշխատեցնում՝ երբեմն թույլ չտալով ճաշելու գնալ կամ տեսակցել ծնողներին: