Երեկ թուրքական պաշտոնյաներից մեկը կրկին արտահայտել է այն կարծիքը, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացն անմիջական կապ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
Այսօր Hyurriyet օրաթերթը գրել է, որ նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԵՄ հետ հարաբերությունների գլխավոր բանակցող, պետնախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի հայ-թուրքական արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը:
Բաղըշը կրկին հնչեցրել է այն միտքը, որ թուրքերը հակակրանք չունեն հայերի դեմ, և որ Թուրքիայում այս պահին աշխատում է ավելի քան 700,000 հայ:
Նկատի ունենալով վերջին շրջանում թուրք-ադրբեջանական հարաբերություններում առաջացած լարվածությունը, որը Ալիևի «թուրքական քաղաքականության» վերաբերյալ Wikileaks-ում հայտնված տեղեկությունների պատճառով էր, որոշ հայ քաղաքագետներ պնդում էին, թե հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կգրանցվի: Վերոնշյալ հայտարարությունը հավանաբար կփարատի այս «մտահոգությունները»: