Մոսկվան միակողմանիորեն անձնագրային վերահսկողություն է սահմանել ռուս-բելառուսական սահմանին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը մոտ 2 տարի առաջ սկսել էր լիարժեք անձնագրային վերահսկողություն իրականացնել բոլոր անձանց նկատմամբ, ովքեր ուղևորություն են կատարել ավտոտրանսպորտով, այնուհետև դա վերաբերվել է նաև ավիա- և երկաթուղային տրանսպորտի ուղևորներին։
«Նորմալ չէ, երբ երկու եղբայրական պետությունների և ժողովուրդների միջև սահմանը կրկին վերականգնվում է, որը մենք այնպիսի դժվարությամբ ենք վերացրել ավելի քան 20 տարի առաջ։ Չգիտեմ, թե դա ում է հարկավոր»,-հայտարարել է Լուկաշենկոն։
Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ պարբերականը՝ Բելառուսի նախագահը հերքել է նաև ռուսական իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե նման քայլերն արվել են երկրի անվտանգության ապահովման նպատակով։ Ինչպես պարզաբանել է Լուկաշենկոն, երկրներն ունեն օտարերկրացիների ընդհանուր ցուցակ, որոնց մուտքն արգելված է։
Բելառուսի և Ռուսաստանի փոխհարաբերություններում պարբերաբար առաջ են գալիս խնդիրներ։ Դրանց մեծ մասը հիմնված է պետությունների տնտեսական փոխգործակցության վրա։ Անցած տարվա սկզբին Լուկաշենկոն մեղադրել էր Կրեմլին Ռուսաստանում բելառուսական ապրանքների իրացման համար խոչընդոտներ ստեղծելու մեջ։