ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանտա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի ժյուրիին: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջ»-ը:
Փաուերը ժյուրիի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ և պետությունների նախկին ղեկավարներ, պիտի ընտրի 1 միլիոն դոլարի «Ավրորա» տարեկան մրցանակի դափնեկիրներին:
«Մենք չափազանց ոգևորված ենք՝ տեսնելով դեսպան Փաուերին «Ավրորա» մրցանակի ժյուրիի մեջ։ Նա հիանալի գործունեություն է ծավալել՝ աջակցելով զարգացող երկրներին և պաշտպանելով աշխարհի ամենախեղճ մարդկանց շահերը։ Նկատի ունենալով մարդու իրավունքների ոլորտում նրա բացառիկ փորձառությունը ամբողջ աշխարհի տարածքում՝ մենք հպարտ ենք, որ նա պիտի ուսումնասիրի «Ավրորա» մրցանակի թեկնածությունները և պիտի օգնի ուրվագծել այս մրցանակի ապագան»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Ավրորա» մրցանակը և նրա դափնեկիրները ապացուցում են, որ ոչ միայն կարևոր է հիշել անցյալի վայրագությունները, այլև մեզնից յուրաքանչյուրն ունի ներուժ՝ աջակցելու նրանց, ովքեր ներկայումս փրկում են մարդկանց կյանքը»,- ասել է Սամանտա Փաուերը։