Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատն այսօր ընթերցել է Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի՝ «Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի» գործով վճիռը։
Մեծ պալատն ուժի մեջ է թողել ցածր ատյանի որոշումը, որի համաձայն՝ վրացական իշխանությունները խախտել են Մերաբիշվիլիի հանդեպ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը։
2016 թվականի հունիսին ՄԻԵԴ-ն արդեն վճիռ էր կայացրել Մերաբիշվիլիի գործով՝ հաստատելով, որ նրա նկատմամբ խախտվել է կոնվենցիայի 18-րդ հոդվածը։ Դա կապված է Մերաբիշվիլիի բողոքի հետ, ըստ որի՝ իրեն գաղտնի դուրս են բերել բանտից՝ գլխավոր դատախազի հետ հանդիպման համար և իր վրա ճնշում գործադրելու նպատակով։
Վճիռը եղել է Մերաբիշվիլիի օգտին, սակայն դրա հետ չի համաձայնել Վրաստանի Արդարադատության նախարարությունը, որը 2016 թվականի հոկտեմբերին բողոքարկել է այն Մեծ պալատում։
Մերաբիշվիլի փաստաբան Օտար Կախիձեն արդեն մեկնաբանել է ՄԻԵԴ վճիռը՝ անվանելով իր պաշտպանյալին «քաղբանտարկյալ» և կոչ արել Վրաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան։
Ներկայում Մերաբիշվիլին պատիժ է կրում 5 քրեական գործերով։