Այսօր Երևանի ժամանակով ժամը 22-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը: Հեռուստամարաթոնը, որն ամեն տարի իրականացվում է Լոս Անջելեսում, հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները:
Այս տարի «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացվող հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը: Հռչակագրային մակարդակում ամեն ինչ պերճախոս ու գեղեցիկ է ասված: Ամբողջ խնդիրն այն է, որ ցանկացած ռացիոնալ գաղափար բախվում է հայաստանյան համակարգի գիշատիչ բնույթին, որը տարիների ընթացքում լափել է ոչ միայն հայաստանցիների վստահության ռեսուրսը, այլ նաև` Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, անխոս, մեծ պոտենցիալը:
Հայաստան-Սփյուռք հարաբերություններում այսօր գոյություն ունի ինստիտուցիոնալ, բովանդակային լուրջ ճգնաժամ, որը գործնականում ի դերև է անում համազգային օրակարգի ձևավորման հնարավորությունը, մարդկանց մոտ սպանում է համազգային տուրքի գաղափարը: Այս իմաստով, «Հայաստան» հիմնադրամն ու նրա հեռուստամարաթոնը, համազգային միասնության հարթակ լինելու փոխարեն, վերածվել են այդ ճգնաժամի հայելու, լավագույն դեպքում` հրապարակային դաշտի, որտեղ մեծահարուստ հայերը զբաղված են PR-ով, կոնկրետ նպատակների սպասարկմամբ: Օրինակ, այսօր սպասվում է, որ հեռուստամարաթոնի ժամանակ անակնկալ է անելու ռուսաստանահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը, սակայն դա ոչ թե ազգային տուրքի դրսևորում է, այլ 2018-ի համատեքստում արվող հաշվենկատ քայլ:
Վերջին հաշվով, ինչո՞ւ սփյուռքահայերը պետք է վստահեն Հայաստանի կոռումպացված իշխանությանը, որը, բարեփոխվելու փոխարեն, տարեկան մեկ անգամ զբաղված է «համազգային մուրացկանությամբ»` խաղալով մարդկանց հայրենասիրական զգացումների վրա: Կարեն Կարապետյանն իր մեկ տարվա աշխատավարձը փոխանցել է հիմնադրամին: Գուցե գովելի քայլ է, սակայն դրա հրապարակայնացումը ծառայում է ոչ թե ազգային տուրքի գաղափարի պոպուլյարիզացիային, այլ նշանավորում է պետական ռեկետի մեկնարկն այս տարվա համար:
Եթե վարչապետն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է հիմնադրամին, ապա «կամավորության» սկզբունքով «մուծվելու» են մյուս պաշտոնյաները` պահպանելով սուբորդինացիայի սկզբունքը, օլիգարխները` իրենց քսակի և համակարգում ունեցած օրակարգին համապատասխան: Յուրաքանչյուր նոր հեռուստամարաթոնի հետ ավելի է խամրում ազգային միասնության, տուրքի գաղափարները, ավելի մշուշոտ ու մառախլապատ է դառնում մեր համազգային տեսլականը: