Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Սամվել Բաբայանի նկատմամբ մի քիչ հարգանք է անհրաժեշտ… պաշտպանը միջնորդեց արդարացնել նրան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատական քննությունը:

Պաշտպանական ճառով հանդես եկավ Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը: Վերջինս նաև Քոչարյան եղբայրների՝ Կարենի ու Անդրանիկի շահերի պաշտպանն է, այնպես որ՝ փողերի լվացման դրվագով միանգամից հանդես եկավ նաև Քոչարյանների պաշտպանությամբ:

Պետք է ասել, որ ճառը բավական առարկայական էր՝ կոնկրետ, առանց ընդարձակ մեջբերումների ու հռետորաբանության:

Զինամթերք հանդիսացող «Իգլայի» արձակման խողովակի ու հրթիռի ձեռքբերման դրդչության մեղադրանքը, որ առաջադրված է Սամվել Բաբայանին, պաշտպանը գնահատեց որպես անհիմն մեղադրանք՝ այն «հաստատված չէ որևէ փաստական տվյալով, կառուցված է ենթադրությունների վրա, ձևակերպումը չի բխում գործի նյութերից»:

Ըստ պաշտպանի՝ «Իգլայի» ձեռքբերումը ստանձնած, ներկայումս ամբաստանյալի աթոռին չգտնվող Հրաչյա Մայիլյանն «ամեն ինչ արել է, որ այդ զենքի մասն իր մոտ լինի՝ իր նախաձեռնությամբ նույնիսկ 4 հազար դոլար է տվել Ռոբերտ Աղվանյանին, զենքի մասը իր ավտոտնակն է հասցրել՝ չնայած Սանասար Գաբրիելյանն արդեն հրաժարվել էր այն ձեռք բերելու մտքից…

Պաշտպանը նշեց, որ ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը «Իգլան» ձեռք բերելուն Սանասար Գաբրիելյանին «դրդել է» 2016 թվականի ամռանը, սակայն գործի նյութերում ոչ մի տվյալ չկա՝ կոնկրետ՝ ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ նպատակով է դրդել, ինչպե՞ս է արտահայտվել Սանասար Գաբրիելյանին «նյութապես շահագրգռելը»:

Զինամթերքի ձեռքբերման դրդչության համար մեղադրվող Սամվել Բաբայանը չի ճանաչել այս դրվագով անցնող մյուս անձանց՝ Արմեն Պողոսյանին, Հրաչյա Մայիլյանին:

Մեղադրանքում նշվել է, թե Սամվել Բաբայանը խոստացել է «Իգլայի» համար վճարել 50 հազար դոլար: Բայց եթե դա զենքի գինն էր, ինչո՞վ է Բաբայանը շահագրգռել Սանասար Գաբրիելյանին, վերջինիս նյութական օգուտը ո՞րն էր լինելու՝ գործով պարզաբանված չէ, ոչ մի տվյալ չկա: Մեղադրանքի կողմն անտեսել է, որ ըստ գործի տվյալների՝ «Իգլայի» 50 հազար դոլար գինը Սանասարին առաջարկել է Հրաչյա Մայիլյանը, ոչ թե Սամվել Բաբայանը: Եվ գործում տվյալ չկա, որ Սանասարը այդ գինը հաղորդել է Բաբայանին:

Պաշտպան Ա. Քալաշյանը նշեց, որ, ճիշտ է, դատարանը բավարարեց իր միջնորդությունը՝ «Իգլայի» ձեռքբերման դրվագով պահանջել Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու համար վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը կից ներկայացված նյութերը, սակայն դատարանին պատասխանել էին, թե այդ նյութերը գաղտնազերծված չեն: Հետևաբար, պաշտպանական կողմը զրկված է եղել մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցը վիճարկելու հնարավորությունից՝ խախտվել են արդար դատաքննության ու մրցակցային դատաքննության սկզբունքները:

Պաշտպան Ա. Քալաշյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, նրա նկատմամբ կատարված «Ներքին դիտում» գործողության արդյունքները:

Այնուհետև պաշտպանը նշեց. «Թող թյուր կարծիք չձևավորվի, թե այդ ապացույցների անթույլատրելի ճանաչելու ճանապարհով փորձում եմ զերծ մնալ հիշյալ գաղտնալսումների վերլուծություններից»:

Փաստաբանը հիշատակեց, որ գաղտնալսված խոսակցություններից հասկացվում է, որ Սանասար Գաբրիելյանը ստացել էր 50 հազար դոլար, բայց ոչ մի տվյալ չկա գործում, որ այդ գումարը նա ստացել էր Սամվել Բաբայանից:

Գործի տվյալներով ստացվում է, որ Պողոսյանի, Մայիլյանի, Աղվանյանի հանցավոր համաձայնությունը կայացել է 2017 թվականի փետրվարի 22-ին, սակայն Սանասարի հետ նրանց խոսակցությունը կայացել է փետրվարի 22-ից հետո, և խոսք է գնացել ոչ թե 50, այլ 45 հազար դոլարի մասին: Իր ցուցմունքում Սանասար Գաբրիելյանը նշել է, որ այդ խոսակցությունը բոլորովին այլ բանի է վերաբերել:

Սանասար Գաբրիելյանը իր նախաձեռնությամբ է ցանկացել զենք-զինամթերք գնել, բայց նա պատրաստ էր վճարել պիտանի զենքի, ոչ թե զենքի մասերի համար: Եթե զենքի մասեր էին գնում, ու Բաբայանը դա գիտեր, ապա նա պիտի գնի չափը վիճարկեր, սակայն դրա վերաբերյալ խոսակցություն չկա:

Սանասար Գաբրիելյանը առաջարկվող «Իգլայի» լուսանկարը ցույց է տվել Սամվել Բաբայանին՝ որպես զենքի գիտակի՝ նրա կարծիքն իմանալու նպատակով:

Սանասար Գաբրիելյանի ու Սամվել Բաբայանի՝ մարտի 18-ի խոսակցության ժամանակ ասելով, որ լուսանկարվածը ամբողջական զենք չէ, առանց անհրաժեշտ մասերի անպիտան բան է, Սամվել Բաբայանն առաջարկել է զենքի մասերը թաղել Նարիշտար գյուղում: Եթե «պատվիրատուն», իրոք, Սամվել Բաբայանն էր, եթե նա էր վճարողը, իսկ Սանասարը կատարողն էր, ապա վերջինս, իմանալով, որ զենքի մասերը Հրաչյա Մայիլյանի մոտ են արդեն, պիտի կատարեր «պատվիրատուի» հանձնարարությունը, սակայն նա ընդհանրապես հրաժարվել է զենքի մասերը ձեռք բերելուց: Բայց Սամվել Բաբայանը նրան հրաժարվելու հրահանգ չէր տվել՝ ըստ գործի տվյալների: Այդ հրաժարումից հետո Սանասարը ինչո՞ւ պիտի «խոստացված գումարը» Սամվել Բաբայանից ուզեր:

Փաստաբան Ա. Քալաշյանը հանգեց հետևության, որ Սամվել Բաբայանը զենք գնելու « պատվեր», դրա համար վճարելու խոստում չի տվել՝ նման բան գործով ապացուցված չէ: Այս համատեքստում փաստաբանը նշեց նաև, որ Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքը նույնպես անհիմն է, նրա գործողություններում ապօրինի զինամթերք ձեռք բերելու ավարտված հանցակազմ չկա, միայն հանցափորձ է՝ զնեքի մասերը այդպես էլ Սանասարի մոտ չեն եղել, նա չի վերցրել՝ հետևաբար ձեռք չի բերել, նա հրաժարվել է ձեռք բերելուց:

Փաստաբանը նշեց, որ գործով հիմնավորված չէ, որ Սամվել Բաբայանը՝ որպես «պատվիրատու և դրդիչ», իսկ Սանասար Գաբրիելյանը՝ որպես կատարող, փոխադարձաբար համաձայնեցրել են իրենց գործողությունները, գործել են փոխկապակցված՝ ինչպես օրենքն է պահանջում նման մեղադրանքի պարագայում:

Սամվել Բաբայանը այդպես էլ չի իմացել՝ զենքի մասերը Նարիշտար գյուղ տարա՞վ Սանասարը, թաղե՞ց այնտեղ և, ընդհանրապես, զենքի մասերը Սանասարի մո՞տ են, թե՞ չէ:

Բաբայանը չի իմացել, որ զենքի մասի՝ պլանշետով արված լուսանկարը Սանասար Գաբրիելյանը վերացրել էր՝ փոխադարձ իրազեկվածություն չկար նրանց գործողություններում: Որպես «դրդիչ» Սամվել Բաբայանը չի կարող մեղադրվել, քանի որ զենք կամ զինամթերք ձեռք բերելու նախաձեռնությունը եղել է Սանասար Գաբրիելյանինը: Մինչև պլանշետի լուսանկարը Սամվել Բաբայանին ներկայացնելը Սանասարը արդեն քայլեր էր կատարել այդ ուղղությամբ, հետևաբար՝ չի կարող ապօրինի զինամթերք ձեռք բերելու դրդչություն լինել, եթե Սանասարի մոտ մտադրությունը շատ ավելի վաղուց էր առկա:

Ընդգծելով Սամվել Բաբայանի՝ ապօրինի զինամթերք ձեռք բերելու դրդչությունը գործով ապացուցված չլինելու հանգամանքը՝ պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդեց «Իգլայի» դրվագով Սամվել Բաբայանին արդարացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Պաշտպանը կանգ առավ մեղադրող Ա. Արամյանի մեղադրական ճառի որոշ դրույթների վրա: Մեղադրողը նշել էր, թե պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնել Սամվել Բաբայանի «առավել ակտիվ դերը», սակայն մեղադրողը, ըստ պաշտպանի, չի հիմնավորել իր ասածը՝ ինչո՞ւմ է դրսոևորվել Բաբայանի «առավել ակտիվ դերը»՝ լուսանկար նայելը ու՝ «սա ոչնչի պետք չի» ասե՞լն է այդ ակտիվ դերը:

Պաշտպանն անդրադարձավ մեղադրողի այն մտքին, թե երկար տարիներ պաշտպանության նախարար եղած Սամվել Բաբայանը «Իգլայի» արձակման խողովակը «տրուբայից» չի տարբերել: Պաշտպանը նշեց, որ «խողովակ» բառի ռուսերենը «տրուբան» է, եթե Բաբայանը իր խոսքում ոչ թե «արձակման խողովակ» է ասում, այլ՝ «տրուբա»՝ չի նշանակում, թե նա զենքի մասը պարզապես խողովակից չի տարբերում, Բաբայանը վառարանի «տրուբի» մասին չի խոսել: Պաշտպանը նկատեց. «Եթե Սամվել Բաբայանը այսօր ամբաստանյալի աթոռին է նստած, չի նշանակում, որ պիտի մոռացվեն նրա անձը, նրա անուրանալի ծառայությունները Հայրենիքին, Արցախի մարտունակ բանակի ստեղծման ու կայացման գործում: Մենք գործ ունենք հերոսի հետ, մի քիչ հարգանք է անհրաժեշտ…»:

Պաշտպան Ա. Քալաշյանը զարմանք հայտնեց, որ մեղադրողը, Սամվել Բաբայանի նկատմամբ պատիժ միջնորդելիս ոչ մի բառ չասաց նրա անձի, նրա ծառայությունների վերաբերյալ…

Այնուհետև պաշտպանն անդրադարձավ երկրորդ՝ «փողերի լվացման» դրվագով Սամվել Բաբայանին ու իր երկու մյուս պաշտպանյալներին՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին առաջադրված մեղադրանքներին:

Այդ մեղադրանքը պաշտպանը նույնպես գնահատեց որպես անհիմն: Տվյալ մեղադրանքի հանցակազմի առարկան կարող է լինել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը, որն օրինականացնելուն՝ «լվանալուն» ուղղված կլինեն հանցավոր գործողությունները, որոնք պետք է որ կատարվեն ուղղակի դիտավորությամբ: Սակայն ըստ պաշտպանի՝ գործով հիմնավորված չէ, որ ներկոտված եվրոները հանցավոր ճանապարհով են ձեռք բերված ու հետևաբար՝ հանցակազմի առարկա են հանդիսանում:

Գործում առկա են գրություններ «Ինտերպոլից», համաձայն որոնց՝ ճշտվել է՝ եվրոները ներկած ներկանյութը օգտագործվել է իտալական կազմակերպության կողմից, ներկանյութն արտադրվել է շվեյցարական ընկերության կողմից, բայց այդ տեղեկությունները հանցակազմը հաստատելու որևէ տվյալ չեն պարունակում:

Հիշյալ գրությունները մեղադրանքի կողմը ոչ ամբողջությամբ է դրել մեղադրանքի հիմքում: Մինչդեռ նույն այդ գրություններում առկա են նաև այլ տեղեկություններ: Եվրոպոլից հայտնել են, որ ներկայացված ներկոտ եվրոները ստուգել ու որևէ եվրոպական երկրում հետախուզվող եվրոների հետ համընկում չեն հայտնաբերել: Նաև նշված է եվրոները ներկոտվելու երեք հնարավոր ճանապարհ՝ եթե թղթադրամները հափշտակվեին բանկոմատից, ինչպես նաև՝ եթե մարդկային կամ տեխնիկական գործոնով՝ ո՛չ հանցավոր գործողության արդյունքում բանկոմատում դրանք ներկվեին, նաև՝ եթե բանկոմատում կոնտեյներները սխալ տեղադրվեին: Վերջին երկու դեպքերում՝ նկատի ունենալով ո՛չ հանցավոր բնույթը, նման թղթադրամները փոխանակվում են օրինական կերպով:

Փաստաբանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է «Ինտերպոլի» գլխավոր վարչություն՝ պարզելու՝ որևէ երկրում նշված թղթադրամները հափշտակված լինելու վերաբերյալ քրեական գործ կա՞ հարուցված, թե՞ ոչ, ինչպե՞ս կարող էին ներկոտ թղթադրամները հայտնվել պատահական մարդկանց մոտ: Այս հարցման պատասխանը քրեական գործում առկա չէ: Հետևաբար՝ հիշյալ ներկոտ թղթադրամների՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելը հիմնավորող ապացույց գործում առկա չէ, ուրեմն՝ հանցակազմի առարկա չունենք, չունենք հանցակազմ:

Տվյալ հանցակազմը պարունակող գործողություններ կատարող անձինք էլ պիտի գիտակցեին, որ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը ցանկանում են օրինականացնել, շրջանառության մեջ մտցնել, մինչդեռ գործով դա ևս ապացուցված չէ: Ո՛չ այդ արարքի համար մեղադրվողները, ո՛չ վկաները դրա մասին գաղափար չեն ունեցել:

Պաշտպանը նշեց՝ նույնիսկ մեր ԱԱԾ-ն չգիտեր, որ բանկոմատում թղթադրամները կարող էին հափշտակության ժամանակ ներկվել՝ Հայաստանում նմա բան գոյություն չունի: Իսկ եթե իրավապահները, եթե ԱԱԾ-ն չգիտեր, շարքային քաղաքացիները որտեղի՞ց պիտի իմանային:
Սամվել Բաբայանը կասկածել է, որ թղթադրամները կարող են կեղծ լինել, նա խնդրել է Կարեն Քոչարյանին՝ ստուգել այդ հանգամանքը: Վերջինս տարադրամի փոխանակման կետ է տարել մի ներկոտ թղթադրամը, ոտեղ պատասխանել են, որ թղթադրամը կեղծ չէ, այն հնարավոր է փոխանակել որպես հնամաշ՝ բանկին որոշակի տոկոս վճարելով: «Եթե Սամվել Բաբայանն իմանար՝ ի՞նչ թղթադրամներ են, ինչո՞ւ պիտի ստուգեր դրանց իսկությունը»:

Պաշտպանը նշեց, որ գործի բացահայտման սկզբնական փուլում վարույթ իրականացնող մարմինն էլ է ներկոտ թղթադրամները անվանել «կեղծ»: Միայն համապատասխան փորձաքնության եզրակացությունը ստանալուց հետո են պարզել, որ դրանք կեղծ թղթադրամներ չեն:

Պաշտպանը միջնորդեց, որ այս դրվագով արդարացվեն ինչպես Սամվել Բաբայանը, այնպես էլ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ժորա Զաքարյանի շահերի պաշտպանը նույնպես միջնորդեց իր պաշտպանյալին արդարացնել հանցակազմի բացակայության հիմքով:

Միայն Դավիթ Հարությունյանի շահերի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը նշեց, որ իր անձնական, մասնագիտական կարծիքով իր պաշտպանյալի գործողություններում հանցակազմ չկա, նա պիտի արդարացվի, սակայն, պաշտպանյալը՝ Դավիթ Հարությունյանը, իրեն հանձնարարել է ասել, որ մասնակիորեն իրեն մեղավոր է ճանաչում, զղջում է: Այդ պայմաններում պաշտպանը տարակուսանք հայտնեց, որ մեղադրողը իրական ազատազրկում միջնորդելով իր պաշտպանյալի նկատմամբ՝ ակնհայտ խիստ պատիժ է միջնորդել: Պաշտպանը միջնորդեց մեղավոր ճանաչելու դեպքում Դավիթ Հարությունյանի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել 1 տարի փորձաշրջան:

Սանասար Գաբրիելյանը միջնորդեց իր պաշտպանության համար ներգրավել փաստաբան Արթուր Ղարիբյանին:

Սամվել Բաբայանը պաշտպանական ճառով հանդես կգա հաջորդ նիստին՝ նրա ձայնը խռպոտված էր, նա ասաց, թե ճառ ասելու է, բայց այս նիստին չի կարող:

Հիշեցնենք՝ դատախազը միջնորդել էր Սամվել Բաբայանին վերջին հաշվով դատապարտել 7 տարի ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարի, Արմեն Պողոսյանին և Կարեն Քոչարյանին՝ 3-ական տարի, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարի իրական ազատազրկման:

Ժորա Զաքարյանի ու Անդրանիկ Քոչարյանի համար դատախազը միջնորդել է 2-ական տարի ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվի, կսահմանվի 3-ական տարի փորձաշրջան:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ և 190 հոդվածի 1-ին մասերով՝ Բաբայանը, ըստ մեղադրանքի, դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն, պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով:

Եղբայրներ՝ Անդրանիկ և Կարեն Քոչարյանները, ինչպես նաև Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը մեղադրվում են հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ դրա հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190 հոդվածի 1-ին մասով: Խոսքը կարմիր ներկանյութով պատված 101 հատ 50 եվրո և 2 հատ 20եվրո արժողությամբ թղթադրամների մասին է, որոնց անհաջող «լվացման» փորձ են կատարել, ըստ մեղադրանքի, գործով հինգ ամբաստանյալները:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում