Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է երևանյան խցանումներին՝ դրանք վերացնելու համար քայլեր ձեռնարկելու հանձնարարական տալով կապի ու տրանսպորտի նախարարին, քաղաքաշինության կոմիտեին և ամենահետաքրքրականը՝ Երևանի քաղաքապետին ու ոստիկանությանը:
Ոստիկանության հետ Կարեն Կարապետյանի, այսպես ասած, առանձնահատուկ դիմակայության առայժմ փափուկ դրսևորումները դրսևորվում են վաղուց, և այստեղ իհարկե գործ ունենք արդեն ավանդական թիրախավորման հետ: Այլ հարց է Երևանի քաղաքապետը, որը փաստորեն ստանում է մի հանձնարարական, որի արդյունավետ կատարումը ուղղակի դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով Երևանի փողոցային ենթակառուցվածքների աճի բացակայությունը ու դրան հակառակ՝ ավտոմեքենաների քանակի շեշտակի աճը:
Այսպիսով, առաջին հայացքից սովորական, ընթացակարգային դարձած հանձնարարության տեսքով Կարապետյանը ըստ էության մի սուր է կախում Տարոն Մարգարյանի գլխին: Ընդ որում, այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Կարապետյանը կարող է ցանկացած պահի հիշեցնել հանձնարարականը և ըստ այդմ անհարմար վիճակի մեջ դնել Մարգարյանին: Բանն այն է, որ Երևանի խցանումների վերաբերյալ ըստ էության անկատարելի հանձնարարականով Կարեն Կարապետյանը Մարգարյանի դեմ, այսպես ասած, թեմատիկ զենք է տալիս Երևանի ավագանու ընդդիմությանը: Այդ քայլով Կարապետյանը փորձում է դիրքային առավելության հասնել Մարգարյանի նկատմամբ՝ հատկապես նկատելով, որ Մարգարյանի դիրքերը բավական թույլ են նաև Սերժ Սարգսյանի մոտ, և Սարգսյանը Երևանի քաղաքապետի, այսպես ասած, դիրքերը աստիճանաբար հակակշռում է իր ֆավորիտ Միհրան Պողոսյանի դիրքերով:
Կարեն Կարապետյանը փորձում է օգտվել այդ իրադրությունից և կա՛մ ինքն էլ դիրքային առավելության հասնել Մարգարյանի նկատմամբ, որն այս տարիներին դարձել է իշխանության որոշակի բևեռ իր, այսպես ասած, ենթակառուցվածքներով, կա՛մ Մարգարյանին ստիպել դառնալ իր, այսպես ասած, բևեռային ենթակառուցվածքը:
Տվյալ պարագայում խնդիրը լոկ այն չէ, որ Կարապետյանը ձգտում է վարչապետության համար Սերժ Սարգսյանի հետ պայքարում ստանալ հնարավորինս մեծ տարածություն իշխող համակարգում: Եթե անգամ Կարապետյանի համար չկա այդպիսի պայքար, և նա կա՛մ հաստատ կմնա վարչապետ, կա՛մ հաստատ չի մնա այդ պաշտոնին, իշխանության հիերարխիայում նա կմնա թերևս մեծ հավանականությամբ բոլոր դեպքերում, և ըստ այդմ՝ նրա համար ներիշխանական տարբեր թևերը այսպես թե այնպես մրցակիցներ են առնվազն 2022 -ի համար պայքարում, եթե ոչ՝ Սերժ Սարգսյանի դեմ, ապա նրա հավանությունը ստանալու պայքարում:
Այդ իմաստով Կարապետյանը, այսպես ասած, օղակ է գցում Տարոն Մարգարյանի՝ այդ թևերից մեկի վզին և թերևս կսեղմի ժամանակի ընթացքում, այն էլ հնարավոր է՝ քաղաքային ավագանու ընդդիմության կամա թե ակամա աջակցությամբ:
Լուսանկարը՝ Photolure-ի