Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաուղիներին պատկանող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում՝ ծխող ուղևորի պատճառով:
Ինչպես հայտնում է «Эхо Москвы»-ն` տղամարդը ծխել է օդանավում, չի ենթարկվել բորտուղեկցորդուհիների պահանջներին և ագրեսիվ պահվածք է դրսևորել:
Օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել մոտակա՝ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդիի օդանավակայանում, որտեղ ուղևորին ոստիկանությանը հանձնելուց հետո միայն կշարունակեն թռիչքը, հայտնում է աղբյուրը: Դեռևս հունիսին «Պոբեդա» ավիաուղիների ղեկավար Անդրեյ Կալմիկովը հայտնել էր, որ ուղևորը, ում մեղքով հարկադիր վայրէջք է կատարվում, կփոխհատուցի վայրէջքի հետ կապված բոլոր ծախսերը: