Tesla ընկերությունը սկսել է իր առաջին բյուջետային ավտոմեքենայի՝ Model 3-ի վաճառքը։ Հուլիսի 28-ի երեկոյան ընկերության ղեկավար, ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը Կալիֆոռնիայի գործարանում գնորդներին է հանձնել առաջին 30 ավտոմեքենաները։ Նա նշել է, որ Tesla-ն նոր մոդելի արդեն ավելի քան կես միլիոն նախնական պատվեր է ստացել, փոխանցում է Deutsche Welle-ը։
Model 3-ի բազային տարբերակն արժե 35 հազար դոլար։ Մարտկոցի մեկանգամյա լիցքավորումը նախատեսված է 345 կմ ճանապարհի համար։ Այն 2-4 անգամ ավելի էժան է Tesla-ի առաջին երկու մոդելներից՝ Model S-ից և Model X քրոսովերից։
9 հազար դոլար ավել վճարելով՝ կարելի է ավելի հզոր մարտկոց ստանալ, որը կբավականացնի 499 կմ-ին։ Էլեկտրամոբիլը 5.6 վայրկյանում 96.5 կմ/ժ արագություն է բացում, իսկ բազային մոդելի առավելագույն արագությունը 209 կմ/ժ է։
Tesla ընկերությունը մտադիր է 2017 թվականի օգոստոսին արտադրել 100 Model 3 ավտոմեքենա, սեպտեմբերին՝ ևս 1500-ը, իսկ մինչև դեկտեմբեր շրջանառության մեջ կմտնի ամսական 20 հազար ավտոմեքենա։