Մանչեսթերում ահաբեկչությունն իրականացրած Սալման Աբեդիի կրտսեր եղբայրը հարձակում է պատրաստել Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի վրա: Այս մասին գրում է Telegraph-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Դիվանգետների խոսքով՝ Հաշիմ Աբեդին «զգալի դեր» է խաղացել գրոհայինների բջիջում, որոնք ծրագրել են պայթեցնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Լիբիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարտին Քոբլերի շարասյունը 2017 թ. սկզբին Տրիպոլի ուղևորության ժամանակ:
Իրավապահները կրտսեր Աբեդիին և նրա հանցակիցներին հետևել են մի քանի ամիս, ահաբեկչությունը հաջողվել է կանխել:
Սալման Աբեդիի եղբայրը ձերբակալվել է չորեքշաբթի Տրիպոլիում ԴԱԻՇ-ի հետ կապ ունենալու կասկածանքով: Հաղորդվույ է, որ նա ծրագրում էր ահաբեկչություն իրագործել Լիբիայի մայրաքաղաքում և հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ինքը և իր եղբայր Սալմանը ԴԱԻՇ-ի հետևորդ են:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Ռումբը պայթեցրել է 22-ամյա Սալման Աբեդին, որը ծնվել է Մանչեսթերում՝ լիբիական ծագում ունեցող ընտանիքում: Վերջին տվյալներով՝ 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ 12 երեխա, 66 հոգի հիվանդանոցում է, նրանցից 23-ը ծայրահեղ վիճակում է: Մի քանի մարդ համարվում է անհետ կորած: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը: