Ուրբաթ 89 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական (1977-1981) Զբիգնև Բժեզինսկին։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով նրա դստերը։
Հաղորդվում է, որ մահը վրա է հասել Վիրջինիա նահանգի Inova Fairfax հիվանդանոցում։
Բժեզինսկին լեհական ծագումով ամերիկացի քաղաքագետ էր, սոցիոլոգ, պետական գործիչ, ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջատար գաղափարախոսներից մեկը։
Վերջին տարիներին վարել է ակտիվ դասախոսական և խորհրդատվական գործունեություն, գլխավորել է մի շարք հասարակական կազմակերպություններ, ներառված է եղել մի քանի հիմնադրամների ու ընկերությունների ղեկավար կազմում, հեռուստատեսությամբ վարել քաղաքական հաղորդումներ, եղել Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ։
Նա հայտնի է նաև որպես «Շախմատային մեծ տախտակ. Ամերիկայի գերիշխանությունն ու նրա աշխարհառազմավարական հրամայականները» գրքի հեղինակ (1997)։