ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խորհրդարանական ընտրությունները չեղարկելու պահանջով բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հեգնեց, որ իրենք չեն կասկածում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անաչառության վրա և վստահ են, որ Սահմանադրական դատարանը արդար վճիռ կկայացնի. «Ակնկալում եմ արդարացի, հանուն ՀՀ-ի վճիռ»:
«Դեռևս մեկ ամիս առաջ Սահմանադրական դատարան դիմելու փորձ արեցինք՝ 21 ստորագրությամբ՝ պահանջելով փոխել խորհրդարանական ընտրությունների օրը: Մենք ունենք բավականաչափ գիտական, իրավաբանական հիմնավորումներ, որ ապրիլի 2-ին ընտրությունների օր նշանակելը հակասում է մեր Սահմանադրությանը: Այդ օրը ընտրությունների օր նշանակելն անբարոյականություն էր»,- նշեց Ա. Մանուկյանը:
«Մենք ներկայացրել ենք հարյուրավոր փաստեր ընտրախախտումների վերաբերյալ. ամենաշատը քաղաքացիների վրա ազդել են՝ վարչական լծակ կիրառելով: Բացի դրանից՝ մարդկանց ստիպում էին կաշառք վերցնել, ուղղորդում էին: Ընտրողների քանակն ավելացել է, ինչը հնարավոր չէ…»,- ընդգծեց Ա. Մանուկյանը՝ այս ընտրությունները համարելով պետական հանցագործություն:
«Մարդկանց ծայրահեղ աղքատությունը, թշվառությունը բերել էր նրան, որ գյուղապետերը, ոստիկանը, քյոխվեքը, թաղի խուժանը այս մարդկանց գլխին դարձել էին պատուհաս և թելադրող, և քաղաքացին պաշտպանված չէր»,- ընդգծեց Ա. Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: