Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը 2016 թվականի սեպտեմբերին հանդիպել է թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ և քննարկել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի արտահանձնման հարցը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով հանդիպմանը ներկա գտնված ԿՀՎ նախկին ղեկավար Ջեյմս Վուլսիին։
Պարբերականի տեղեկություններով՝ Վուլսին պատմել է, որ հանդիպմանը քննարկվել է Գյուլենի՝ Թուրքիային հանձնելու հնարավորությունը՝ առանց արտահանձնման պաշտոնական գործընթացի։ Նրա խոսքով՝ հանդիպմանը նաև ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի փեսան և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Ֆլինի ներկայացուցիչ Փրայս Ֆլոյդը հայտարարել է, որ Թրամփի նախկին խորհրդականը երբեք չի քննարկել անօրինական գործողություններ, անօրինական արտահանձնում կամ նման բնույթի այլ գործողություններ։
Թուրքիայում Գյուլենին սպառնում է 2 ժամկետ ցմահ ազատազրկում։ Նրան մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։