ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին լիարժեք համագործակցություն և աջակցություն է խոստացել՝ կապված Լոնդոնի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հարձակման հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։
Կոմյունիկեն հրապարակվել է երկու պետությունների առաջնորդների հեռախոսազրույցների արդյունքներով։ Տեքստում, մասնավորապես, ասվում է, որ Թրամփը ցավակցություն է հայտնել Մեյին տեղի ունեցածի առնչությամբ և նշել, թե որքան արագ և արդյունավետ են արձագանքել միջադեպին բրիտանական իրավապահ ուժերը։ «Նա լիարժեք համագործակցություն և աջակցություն է խոստացել ԱՄՆ կառավարության կողմից հարձակմանն արձագանքելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,-ասվում է հաղորդագրությունում։
Սկոտլանդ-Յարդը տեղի ունեցածը գնահատել է որպես ահաբեկչություն, սակայն հետաքննության տվյալ փուլում հրաժարել բացահայտել կասկածյալի ինքնությունը՝ նշելով, որ նա կարող է կապված լինել միջազգային ահաբեկչության հետ։ Դեռևս ոչ մի արմատական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։