Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում վերսկսել արցախյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը, այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններին:
«Առաջին փուլում պետք է արագ վերականգնվեն բանակցությունները: Հայաստանը չպետք է հետ կանգնի բանակցություններից», – ասել է Ալիևը:
Ալիևի խոսքով՝ ստատուս-քվոն անընդունելի է: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն ընդունելի չէ: Մենք նույնպես դրա մասին ենք խոսում և ցանկանում ենք, որ ստատուս քվոն որքան հնարավոր է արագ փոխվի, և հակամարտությանը վերջ տրվի: Տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի, իսկ տեղահանված ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենի հողերը», – ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:
Ադրբեջանի նախագահն ասել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Ֆրանսիայի ներդրած ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: