Volkswagen գերմանական կոնցեռնն ամերիկյան դատարանում ճանաչել է մեղքն իր արտադրության դիզելային շարժիչներով մեքենաներում վտանգավոր նյութերի արտանետումների մասին տվյալների կեղծման և ԱՄՆ բնապահպանական նորմերը խախտելու մեջ՝ համաձայնելով վճարել 4.3 մլրդ դոլարի չափով տուգանք։ Դատական նիստը կայացել է Դեթրոյթում (Միչիգան)։ Այս մասին հայտնում է TASS գործակաությունը։
Ինչպես հայտարարել է դատավարության ժամանակ հանդես եկած ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Ջոն Նիլը, ավտոկոնցեռնի կողմից չարաշահումները եղել են մտածված, հաշվարկված և մանրակրկտորեն ծրագրված։ Նրա խոսքով՝ այդ գործողությունները հանդիսանում են «կոռուպցիայի բարձրագույն մակարդակի» օրինակ։
Գործով վերջնական վճիռը կհրապարակվի ապրիլի 21-ին։
Մեղքի ճանաչման մասին համաձայնագիրը նախատեսում է քրեական տուգանքի վճարում 2.8 մլրդ դոլարի չափով, ինչպես նաև ընկերության նկատմամբ անկախ մոնիտորինգի նշանակում 3 տարվա ընթացքում։ Ընկերությունը համաձայնել է նաև 1.45 մլրդ դոլարի տուգանք վճարել դաշնային, բնապահպանական և այլ քաղաքացիական հայցերի կարգավորման համար։