ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնայում անցկացվող «Mobile World Congress»-ի աշխատանքների շրջանակներում փետրվարի 27-ին հանդիպել է ZTE (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) ընկերության ԱՊՀ տարածաշրջանի փոխնախագահ Սյուե Բինին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Սյուե Բինը նախարարին ծանոթացրել է ընկերության ընթացիկ գործունեությանը, կոմերցիոն շուկայում ներկայացված 5G ստանդարտի հնարավորություններին։
Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը, մասնավորապես «Խելացի քաղաք» և «Տվյալների մշակման կենտրոն» նախագծերը և դրանցում ZTE-ի մասնակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: