Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտարարել է, որ «թուրքերի ոտքը չի մտնի հունական կղզիներ», և Թուրքիան հակահարված կստանա նոր պրովոկացիաների դեպքում:
Այսպես նախարարը Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որ թուրքերը «եթե ցանկանային Իմիայի վրա բարձրանալ, կանեին դա»: Թուրքիան վիճարկում է Իմիա ժայռոտ կղզիների պատկանելությունը Հունաստանին, որոնց պատճառով վեճը 1996 թ. քիչ է մնացել՝ հանգեցնի զինված հակամարտության երկու երկրների միջև:
«Չի լինի այնպես, որ նրանց ոտքը հունական կղզիներ մտնի: Մենք դրան կխանգարենք: Եթե նրանք ոտք դնեն, կտեսնենք՝ ինչպես կփախչեն այնտեղից»,- ասել է Կամմենոսը:
Նրա խոսքով՝ Հունաստանի ներկայիս կառավարությունը տարբերվում է նրանից, որը եղել է 1996 թ., և նա չի նահանջի: «Ցանկացած պրովոկացիա պատասխան կստանա: Մենք Չավուշօղլուին կհիշեցնենք, որ հիմա վարչապետը Սիմիտիսը չէ, այլ Ցիպրասը, ԱԳՆ ղեկավարը Պանգալոսը չէ, այլ Կոտզիասը, և պաշտպանության նախարարը ես եմ: Նրանց դրոշները չեն ծածանվի»,- ասել է Կամմենոսը: