Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել ամերիկացի նախկին պաշտոնյաների հետ ԱՄՆ-ի տարածքում։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ այդպիսով Հյուսիսային Կորեան ցանկանում է կապ հաստատել ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ։ Հանդիպման նախապատրաստությունը դժվարացել է վերջին 8 օրերին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման և Կիմ Չեն Նամի սպանության հետ կապված։
Վերլուծաբաններն ընդգծում են, որ հազիվ թե Փխենյանը բանակցությունների արդյունքներով համաձայնի դադարեցնել իր սպառազինության ծրագրի մշակումները։ Սակայն, ինչպես գրում է թերթը, պոտենցիալ հանդիպումը կարող է դառնալ «հույսի շող» երկրների հարաբերություններում։
Պարբերականը նաև հայտնում է, որ հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում մի քանի շաբաթից, սակայն Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները դեռևս չեն ստացել ԱՄՆ մուտքի վիզաներ։
Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անվանել էր Հյուսիսային Կորեան «մեծ-մեծ խնդիր»։