Բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի արտահանձման վերաբերյալ Հայաստանի Հանրային խորհուրդը դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հունվարի 21-ին լրագրողներին հայտնեց Հանրային խորհրդի ներկայացուցիչ Անի Գասպարյանը: «Նամակում շեշտել ենք, որ Լապշինի ձերբակալությունը գլոբալ առումով մարդու իրավունքների, ազատ խոսքի, տեղաշարժի կոպտագույն խախտում է: Ընդգծել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ. դա տարածաշրջանի անվտանգության հարցէ»,-նշել է Գասպարյանը:
Նրա խոսքով` իրենք առանձնացրել են այն 600-ից ավելի անձանց, որոնք հայտնվել են Բաքվի սև ցուցակում՝ այդ թվում նաև 5 բելառուսցիներ, և համոզմունք հայտնել, որ Լուկաշենկոն ողջախոհություն կդրսևորի և արտահանձման որոշում չի կայացնի:
Անի Գասպարյանն ասաց, որ Հանրային խորհուրդը հունվարի 17-ին լայն քննարկումներ է իրականացրել: «Բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը մտերիմ է Լապշինի հետ, ասաց, որ բանտում Լապշինի նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ ստիպելով նրան ներողություն խնդրել Ադրբեջանից, որպեսզի արտահանձնումից հետո տեղափոխվի Իսրայել, սակայն Լապշինը չի վստահում Ադրբեջանին և մերժում է»,- ընդգծեց Հանրային խորհրդի ներկայացուցիչը: