Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանում այսօր ուսումնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել «Սու-27» տիպի մարտական ինքնաթիռ։
Այդ մասին հայտնել է Ղազախստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է Տալդիկորգանի շրջանում գիշերային պայմաններում կատարված թռիչքի ժամանակ։
Օդաչու, մայոր Իսկակովը գործադրել է առավելագույն ջանքեր և ինքնաթիռը հեռու է տարել բնակավայրից, որից հետո ինքնանետվել է։ Ներկա դրությամբ օդաչուի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են Ղազախստանի պաշտպանության նախարարի նշանակած հանձնաժողովի կողմից։ Ընդգծվում է, որ մայոր Իսկակովն իր ակտիվում ունի ցերեկային ու գիշերային ժամերին ընդհանուր 556 ժամվա թռիչք։