Հրդեհի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին աջակցելու նպատակով Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ավագանու արտահերթ նիստ է հրավիրել: Ինչպես տեղեկացրին Վանաձորի քաղաքապետարանից, նիստի օրակարգային հարցերը լինելու են Վանաձոր համայնքի 2016 թվականի բյուջեում փոխոխություն կատարելը և համայնքի բյուջեից անօթևան ընտանիքներին ֆինանսական աջակցություն հատկացնելը:
Վանաձորի ավագանու նիստերն արդեն երկու ամիս է բոյկոտվում են ավագանում խմբակցություններով ներկայացված Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան և Հայկական Վերածնունդ կուսակցությունների կողմից, սակայն Վանաձորի քաղաքապետարանը հուսով է, որ անօթևան ընտանիքներին ֆինանսական օգնության հարցը չի քաղաքականացվի և բոլոր քաղաքական ուժերը կառաջնորդվեն կարիքավոր քաղաքացիներին օգտակար լինելու առաքելության գիտակցությամբ: