Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող միջադեպերի ու դրա հետևանքով վիրավորված զինծառայողների վերաբերյալ տարածվում են հակասական լուրեր:
Պաշտոնական պարզաբանումները ուշացած ու կցկտուր են` կարծես նպատակ հետապնդելով թաքցնել հնարավորին չափ շատ տեղեկություն: Պաշտպանության նախարարի խոսնակը Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի մասին է խոսում և հաստատում, որ խոսքը վերաբերում է Քաջիկ Գրիգորյանին ու Գագիկ Պողոսյանին: Հոսպիտալի պետը դարձյալ երկու նոր վիրավորի մասին է հիշատակում, բայց նշում այլ անուններ` Քաջիկ Բադալյան և Կարապետ Միքայելյան: Վերջիններիս հոսպիտալ տեղափոխվելու ժամկետները նույնպես տարբեր է նշվում:
Armtimes.com–ին հաջողվել է կապ հաստատել ժամկետային զինծառայող, Մարտակերտում վիրավորված 19-ամյա Կարապետ Միքայելյանի եղբոր` Արտաշես Միքայելյանի հետ: Նա ասաց, որ հակառակորդի կողմից Կարապետը ստացել է գլխի հրազենային վնասվածք: Դիպուկահարը նրան վիրավորել է շատ մոտ հեռավորությունից` մոտավորապես 315 մետրից: Վիճակը ծայրահեղ ծանր է, բայց կայուն, գտնվում է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
«Եղբայրս ինժեներական աշխատանք կատարելու ժամանակ ստացել է գլխի հրազենային վնասվածք: Այդ աշխատանքը չպետք է կատարվեր ցերեկային ժամին: Դիտարկվող տարածքում օրը ցերեկով կատարել են ինժեներական աշխատանք, որը պետք է կատարվեր կա´մ գիշերային ժամերին, կա´մ մառախլապատ եղանակին, որ հակառակորդը չկարողանար դիտարկել: Դա ես գիտեմ, որովհետև ավարտել եմ ոստիկանության ակադեմիան, աշխատել եմ ոստիկանությունում, այնուհետև ռազմական ոստիկանությունում` որպես հետաքննիչ»,- փոխանցեց Արտաշես Միքայելյանը: Ավելին, ըստ նրա, եղբայրն ընդհանրապես ինժեներական աշխատանք չպետք է կատարեր, որովհետև եղել է կապավոր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում