Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ամենամյա վարկանիշը։
Առաջին հորիզոնականում ամերիկուհի Թեյլոր Սվիֆթն է, ով 2016 թվականին աշխատել է 170 մլն դոլար։ Եկամտի մեծ մասը նրան բերել է 2015 թվականի մայիսին սկսված «1989» համերգային շրջագայությունը։ Դրանից բացի, Սվիֆթը լավ է վաստակել գովազդային նկարահանումներից։
Երկրորդ տեղը բաժին է ընկել բրիտանացի կատարող Ադելին, նրա եկամուտը տարվա արդյունքներով կազմել է 80.5 մլն դոլար։ Նա ամենից շատ վաստակել է «25» ալբոմի վաճառքից և համերգային գործունեությունից։
Երրորդ տեղում Մադոննան է՝ 76.5 մլն դոլար եկամտով։ Նրա եկամտի առյուծի բաժինն ապահովել է Rebel Heart համերգային շրջագայությունը՝ հաջակցություն համանուն ստուդիական ալբոմի։ 2013 թվականին այս վարկանիշում նա առաջինն է եղել։
Առաջին տասնյակում են նաև Ռիհաննան (75 մլն դոլար), Բեյոնսեն (54 մլն դոլար), Քեթի Փերին (41 մլն), Ջենիֆեր Լոպեսը (39,5 մլն), Բրիթնի Սպիրսը (30,5 մլն), Շանայա Թվեյնը (27,5 մլն) և Սելին Դիոնը (27 մլն)։