Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչով է նոր կառավարության ծրագիրը տարբերվում նախորդներից, նշեց, որ այս կառավարության ծրագիրը նախ առանձնահատուկ է իր կարճատևությամբ. «Այսինքն՝ մեկ տարվա համար չէ, վեցամսյա է, հարկադրված է կարճատև, որովհետև ընտրություններ են առաջիկայում: Երկրորդ տարբերությունն այն է, որ ծրագիրն ունի և ընդհանուր հայեցակարգային կետեր, որոնք կարևոր են ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու համար և ունի խնդիրներ, որոնք մոտակա ժամանակներում պետք է արդեն լուծված լինեն: Մենք 2017թ. մտնում ենք որոշակի նոր հայեցակարգերով, որոնք կնպաստեն տարբեր խնդիրների լուծմանը»:
Գործատուների միության նախագահի դիտարկմամբ՝ կառավարությունը բոլոր ոլորտներն էլ ներառել է, որևէ բացթողում չկա. «Շատ կարևոր է, որ նշված է կոռուպցիակի դեմ պայքարը, աղքատության կրճատումը, ստվերի կրճատումը, նաև շատ կարևոր է, որ տնտեսությանն ուղղված շատ մոտեցումներ կան, և որոշ բաժիններ սկսվում են հենց այդ մտքերով, որ պետք է մասնավոր սեկտորի հետ երկխոսության ճանապարհով գալ խնդիրների լուծման և շարադրվում են խնդիրները»:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ կառավարության ծրագրով նախատեսված շատ կոնկրետ քայլեր կան, որոնք միանգամից ազդեցություն կթողնեն: Նրա խոսքով՝ կրթության և առողջապահության մեջ էական կոմպոնենտներ են մտել, որոնք կնպաստեն մարդկային ռեսուրսների զարգացմանը և արժևորմանը: «Շատ երկրներ են այդ ճանապարհով գնում, պետության ռեսուրսը նաև իր մարդկային ռեսուրսն է: Աշխատաշուկա – կրթություն կապի լավացումը կադրերին թույլ կտա հեշտությամբ ինտեգրվել և չդիմել աշխատանքային միգրացիայի»,- նշեց Գ. Մակարյանը:
Նրա դիտարկմամբ՝ այս վարչապետը սկսել է ճիշտ տեղից:
Մանրամասները՝ տեսանյութում: