ՀՀ կառավարությունն օգոստոսի 25-ի նիստում հավանություն տվեց Ոստիկանության ներկայացրած նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է վերացնել ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջն ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը:
Նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նրա խոսքով` պրակտիկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում երկքաղաքացիության փաստերն ի հայտ են եկել ոչ թե երկքաղաքացիների կողմից այդ մասին սահմանված կարգով տեղեկացնելու, այլ անձնագրային և վիզաների վարչության կողմից նրանց մատուցվող ծառայությունների ընթացքում, իսկ վարչական պատասխանատվության ենթարկվել է ընդամենը 1 անձ: