Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպել է իսլամական Ալ-ազհար համալսարանի գերագույն իմամ, Եգիպտոսի գերագույն հոգևոր անձ շեյխ Ահմեդ աթ-Թայիբի հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանդիպումը տևել է մոտ 30 րոպե, Ֆրանցիսկոսը և Ահմեդ աթ-Թայիբը խորհրդանշական համբույրներ և գրկախառնություններ են փոխանակել:
«Մեր հանդիպումն ուղերձ է»,- ասել է Հռոմի պապը հանդիպման սկզբում:
Հռոմի պապի և իսլամական իմամի խոսակցությունը տեղի է ունեցել այն բանից 5 տարի հետո, որ Ալ-ազհարը Վատիկանի հետ կապերը դադարեցրել է՝ ի նշան բողոքի «հակաիսլամական մեկնաբանությունների» դեմ, որոնք, ըստ համալսարանի, արել է Ֆրանցիսկոսի նախորդը՝ Բենեդիկտոս XVI-ը:
Երկխոսությունը սառեցնելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Բենեդիկտոս XVI-ը հայտարարել է «բռնության ռազմավարության գոյության մասին, որի թիրախը քրիստոնյաներն են»:
Այսպես, Հռոմի պապը մեկնաբանել է 2011 թ. Ալեքսանդրիայի քրիստոնեական եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունները, որոնց զոհ է դարձել 23 մարդ:
Անցած տարի Ֆրանցիսկոսը հանդես է եկել Մերձավոր Արևելքում «քրիստոնյաների գենոցիդին» վերջ տալու կոչով», սակայն ընդգծել է, որ ճիշտ չէր լինի հավասարության նշան դնել իսլամի և բռնության միջև: