Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեկնաբանել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահի ու Թուրքիայի վարչապետի պաշտոններից Ահմեթ Դավութօղլուի առաջիկա հեռանալը:
Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ 2016 թվականի մայիսի 4-ին Թուրքիայում իրականացվել է «պալատական հեղաշրջում». «Դա հեղաշրջում է: Հեղաշրջման անունն է Մայիսի 4-ի պալատական հեղաշրջում: Մայիսի 4-ի պալատական հեղաշրջումն իր տեսակով գերազանցեց անգամ փետրվարի 28-ին (1997 թվականի փետրվարի 28-ին զինվորականների ճնշման ներքո տապալվեց Նեջմեթթին Էրբաքանի կոալիցիոն կառավարությունը, ինչը Թուրքիայում հայտնի է որպես հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջում-1in.am):
Պարոն Դավութօղլուն զբաղեցրած պաշտոնից հեռանում է ոչ թե 23 միլիոն մարդու, այլ մեկ մարդու կամքով: Այդ մեկ մարդը մայիսի 4-ին պալատական հեղաշրջում իրականացրած անձն է: Այդ մարդը չի ցանկանում, որ երկրում լինի ժողովրդավարություն, նա ցանկանում է բռնապետական ռեժիմ»:
Հիշեցնենք, որ Ահմեթ Դավութօղլուի գլխավորած ԱԶԿ-ն 2015 թվականի նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված կրկնական խորհրդարանական ընտրությունների արդյունքում հավաքել է ողջ քվեների 49.49 տոկոսը՝ 23.673.541 քվե:
Ի դեպ, դրանով իսկ Ահմեթ Դավութօղլուն գերազանցել է երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեկորդը, որի գլխավորած ԱԶԿ-ն 2011 թվականի հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում ստացել էր 2 միլիոն քվե պակաս: