Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հուսեին Դեղհանը հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանից կստանա «Սու-30» տիպի մարտական ինքնաթիռներ։
Նա ընդգծել է, որ այդ հարցով բանակցություններ են անցկացվել ռուսական կողմի հետ, և այժմ եկել է համաձայնագիր ստորագրելու ժամանակը։ Նա չի հաստատել միջազգային մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Իրանը Չինաստանից գնելու է J-10 տիպի մարտական ինքնաթիռներ։
Խոսելով ռուսական S-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին՝ Դեղհանը հայտարարել է, որ դրանց առաջին խմբաքանակը կստացվի այս տարվա առաջին քառորդում։