ԱՄՆ առաջատար իրավաբանական ֆիրմաները շարունակում են 2008 թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամից և հետաճից հետո տարեկան 3-4%-ով բարձրացնել դրույքաչափերը՝ չնայած ցածր ինֆլյացիային և իրավաբանական ծառայությունների թույլ պահանջարկին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Citi Private Bank-ի տվյալներին:
Որոշ դեպքերում գործընկերների հոնորարները հասնում են 1500 դոլարի մեկ ժամում, մինչդեռ մի քանի տարի առաջ ժամում 1000 դոլարը փորձագետներին չափազանց էր թվում: 1200-1300 դոլար դրույքաչափերը գործնականում նորմա են դարձել, բայց հայտնի անունը կամ հազվագյուտ մասնագիտացումն էլիտար իրավաբաններին հնարավորություն են տալիս ստանալ և´ 1800 դոլար, և´ 1950 դոլար մեկ ժամում:
Ամենաթանկարժեք իրավաբանական ընկերություններից են՝ Proskauer Rose-ը (1475 դոլար գործընկերոջ 1 ժամ աշխատանքի համար), Ropes & Gray-ը (1450 դոլար) և Kirkland & Ellis-ը (1445 դոլար):
Ոլորտում իրավաբանական ֆիրմայի գործընկերոջ աշխատանքի մեկ ժամը հաճախորդների համար միջինում արժեցել է 875 դոլար 2015 թ., 3 տարում այդ ցուցանիշն աճել է ավելի քան 27%-ով:
WSJ-ը տեղեկություն է հավաքել դատական նյութերից, այդ թվում՝ սնանկության գործերով: Իրավաբաական ֆիրմաների մամլո ծառայությունները հրաժարվել են մեկնաբանել այդ տվյալները: