Սիրիական բանակը սկսել է Հալեպ գավառում ԴԱԻՇ-ի համար խոշոր հենակետ հանդիսացող Էլ-Բեբ քաղաքի շրջապատման գործողությունը՝ հաղորդում է TASS-ը:
Առաջնային զորքերը հարձակվում են քաղաքի վրա երեք կողմերից: ԴԱԻՇ-ի հետ մարտերն ընթանում են Թուրքիայի հետ սահմանից 13 կմ հեռավորության վրա: Ահաբեկիչների միավորումն ու թուրքամետ իսլամիստներից ձևավորված «Ջեբհաթ աշ-Շամիա» խմբավորումը միմյանց միջև համաձայնություն են կնքել և համակարգում են Սիրիայի բանակի դեմ ռազմական գործողությունները:
Հյուսիսարևելյան ճակատի մեկ այլ հատվածում առաջնային զորամասերը գրոհել են հակառակորդի դիրքերը Էթ-Թեյբեում և Ջուբ-Սաֆե շրջաններում՝ Մանբիջ քաղաքի մատույցներում (Հալեպից 80 կմ հեռու): Նշվում է, որ գրոհայինների տասնյակ սպանվածների թվում են ԴԱԻՇ-ի մի քանի դաշտային հրամանատարներ:
Հալեպը սահմանամերձ Աազազ քաղաքի հետ կապող միջազգային մայրուղու վրա զորքերը շարժվում են դեպի Դեյր-Ջամալ բնակավայր: Սիրիայի մարտիկները գրավել են շրջակա ֆերմաները՝ այնտեղից դուրս մղելով «Ջեբհաթ աշ-Շամիա»-ի գրոհայիններին:
Գործողություններ են անցկացվում շիաների Նոբուլ և Էզ-Զահրա քաղաքներից հարավ (Հալեպից 20 կմ հեռու): Այդ ուղղությամբ հրետանին կրակով ճնշել է Բայանունեում հակառակորդի դիրքերը: