Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է տիեզերքի ռեսուրսների արդյունահանման և օգտագործման համար երկիրը եվրոպական կենտրոն դարձնելու պլանների մասին, հայտնում է BBC-ն: Խոսքը վերաբերվում է Երկրից ոչ հեռու գտնվող աստերոիդներում հանքային ռեսուրսներ արդյունահանելու մասին:
Եվրոպական տիեզերական գործակալության նախկին տնօրեն Ժան-Ժակ Դորդենի խոսքերով` չնայած այն բանին, որ նախագիծը առաջին հայացքից թվում է անիրական, սակայն դրա իրագործման տեխնոլոգիական բազան արդեն գոյություն ունի:
«Այդ նախաձեռնությունը ցույց է տալիս, որ եվրոպացիները սիրում են նորարություններ և պատրաստ են մեծ ռիսկերի դիմել, երբ խաղադրույքները բարձր են: Դա ֆուտուրիստական նախագիծ է, սակայն այն ամուր կանգնած է հողի վրա: Եվրոպայում և աշխարհում բավականին տեխնոլոգիական հզորություններ կան այն իրագործելու համար»,- ասել է Դորդենը: