Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից խոչընդոտել է ճգնաժամի մեծացմանն ու ձգտել է հարթել տարաձայնությունները։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցի իրանական թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ջաբիրի Անսարին:
«Եթե հայացք նետենք անցյալին, ապա կտեսնենք, որ Իրանը ամենաբարդ ժամանակներում ձգտել է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունները։
Տվյալ պահին, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, մենք պատրաստ ենք միջնորդական դեր խաղալ հակամարտության կարգավորման մեջ»,- ըստ գործակալության՝ ասել է նա։
Անսարին հավելել է, որ բանակցություններ են անցկացվել ադրբեջանական կողմի հետ՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան պլանավորված այցի հետո, և երբ լինի վերջնական որոշում, ապա կհայտարարվի դրա մասին։
Անսարիի խոսքով՝ երկու երկրները մշտապես անցկացնում են քաղաքական քննարկումներ, և կապերի զարգացումը ինչպես Իրանի, այնպես էլ Ադրբեջանի հիմնական նպատակն է։