Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Մենք չհայտարարված պատերազմի վիճակում ենք. Ռիչարդ Կիրակոսյան

«Մեծացել է պատահական, սխալ հաշվարկի վրա հիմնված պատերազմի ռիսկը: Եվ այդ սխալ հաշվարկը հիմնականում գալիս է Ադրբեջանից: Ադրբեջանը ոչ մի դեպքում պատրաստ չի վարելու պատերազմ և հասկանում է դա, բայց փոքր հարձակումները մեծացրել են վտանգն ու ռիսկի աստիճանը»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով 2015 թվականը՝ անդրադարձավ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը՝ խոսելով մեր երկրի նվաճումների, ինչպես նաև սպասվող մարտահրավերների մասին: Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները 2016թ., ըստ փորձագետի, պիտի լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի ամրապնդումը, գործընթացը դիվանագիտական հիմունքներին վերադարձնելը,  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, հայ-իրանական տնտեսական կապերի ակտիվացումը, Իրանին ներգրավելը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններն ավելի հավասարակշիռ ու հորիզոնական դարձնելը, թեև ընդհանրապես Ռիչարդ Կիրակոսյանը Հայաստանի գլխավոր առաջնահերթություն է համարում ներքին խնդիրների լուծումը՝ օլիգարխիկ համակարգի վերացումը, երկրի ժողովրդավարացումն ու տնտեսական վիճակի բարելավումը:

«Մեզ պետք է իշխանություն, որը կծառայի ժողովրդին»,- ասաց մեր զրուցակիցը:

– Պարոն Կիրակոսյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչ արտաքին քաղաքական նվաճումներ է ունեցել Հայաստանը 2015 թվականին:

– Հետ նայելով 2015թ.՝ կարող եմ ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շրջադարձային փուլում է: Եթե հիշում եք, 2015թ. հունվարին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ, ինչը նշանակում է, որ անցնող տարին քննություն էր, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Իսկ ընդհանրապես՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակեց հասնել ավելի մեծ հաջողությունների, թեև շատ դեպքերում Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունների մեծ մասը եղել են ուրիշների, օրինակ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի սխալների շնորհիվ: Անհրաժեշտ է ավելի ինստիտուցիոնալացնել արտաքին քաղաքական որոշումներն ընդունելու գործընթացը, որպեսզի կարողանանք պահպանել հաջողությունը:

– Կարծում եք՝ կայի՞ն ինչ-որ քայլեր կամ գործողություններ, որոնք կարելի էր ավելի լավ անել արտաքին քաղաքականության ոլորտում:

– Այո, օրինակ՝ կա երկու պակասություն կամ խոցելի տեղ: Հայաստանը 2015թ. մեծ մասն անցկացրեց առանց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, և մինչ օրս այդ պաշտոնում ոչ ոք չի նշանակվել: Մենք աղաղակող դեֆիցիտ ունենք ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում կայացվող որոշումների գործընթացում: Նախագահական նստավայրը չափից ավելի առաջնային է, նրա մենաշնորհը որոշումները կայացնելու վրա չափազանց մեծ է: Անհրաժեշտ է ավելի շատ ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի խորհրդարանից: Պետք է ակտիվացնել Ազգային անվտանգության խորհուրդը և ընդլայնել ազգային անվտանգության գործընթացը վերլուծության և մասնակցության առումով:

– Քանի որ շոշափեցիք ներքաղաքական վիճակին առնչվող հարցեր, երևի մի փոքր խոսենք սահմանադրական փոփոխություններից:

– Սահմանադրական հանրաքվեն 2015-ը դարձրեց ևս մի շրջադարձային կետ: Կայացվեց առանցքային որոշում, որը կազդի եկող սերունդների վրա. Հայաստանն անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգին: Սա ունի թե՛ լավ և թե՛ վատ կողմեր: Կարճաժամկետ ազդեցությունը բացասական է. դա կխթանի միակուսակցական համակարգի զարգացումը, Հանրապետական կուսակցությունը չափազանց մեծ վերահսկողություն կստանա իշխանական համակարգում:

Բայց երկարաժամկետ հեռանկարում սա հնարավորություն և պոտենցիալ կստեղծի ավելի շատ ժողովրդավարություն ունենալու և կնպաստի իրական քաղաքական կուսակցությունների կայացմանը: Սակայն, դժբախտաբար, քիչ ուշադրություն է հատկացվել այս որոշման էության ու նշանակության գնահատմանը, և ակնհայտ անվստահություն կա կառավարության հանդեպ: Եվ վերջապես՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկ այլ բացասական տարրն այն էր, որ սա որևէ կերպ չի կարելի համարել վստահության քվե խորհրդարանի ներկայիս կազմին: Ներկայիս խորհրդարանն իրականում ցույց է տալիս, թե ինչն է սխալ Հայաստանի կառավարման համակարգում: Եվ շատ ավելին պիտի արվի՝ ավելի կենսունակ ու արդյունավետ խորհրդարան կառուցելու համար, որպեսզի հնարավոր լինի բավարարել այս անցման պահանջները:

– Ուրեմն ինչպե՞ս կազդեն այս փոփոխությունները ներքաղաքական գործընթացների վրա 2016-ին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

– Եթե նայենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, դա գուցե ավելի շատ հնարավորություն տա իրական քաղաքական կուսակցությունների կայացման և ավելի բազմազան, պլյուրալիստական քաղաքական դիսկուրս ստեղծելու համար: Այլ կերպ ասած՝ չափից ավելի երկար են անձերը գերիշխել Հայաստանի քաղաքական դաշտում: Խորհրդարանական կառավարման համակարգն ավելի շատ շեշտը կդնի գաղափարախոսության և կուսակցական քաղաքականության վրա՝ լավ իմաստով:

Երկրորդը, այս տարին միայն վերահաստատեց այն փաստը, որ ավանդական քաղաքական կուսակցություններն ուղղակի վարկաբեկված են: Հայաստանում նոր ընդդիմադիր կուսակցությունների առաջացման պահանջ կա: Բոլոր ավանդական կուսակցությունները խիստ վարկաբեկված են, ունեն շատ քիչ լեգիտիմություն և չունեն հասարակական աջակցություն:

– Որևէ հեռանկար տեսնո՞ւմ եք հայ-թուրքական հաշտեցման համար՝ հատկապես ռուս-թուրքական լարվածությունից հետո:

– Նախ և առաջ, երեք հիմնական գործոն կա, եթե նայում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Առաջինը շատ կարևոր պարզաբանում է: Մենք չենք խոսում հաշտեցման մասին, մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման (նորմալացման) մասին: Սրանց միջև շատ մեծ տարբերություն կա: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, որում մենք աջակցում ենք Հայաստանի նախագահի՝ առանց նախապայմանների քաղաքականությանը, նշանակում է բացել սահմանը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Սա անջատ է հաշտեցումից: Կարգավորումը նախադրյալ է կամ առաջին քայլը դեպի հաշտեցում:

Երկրորդ գործոնն այստեղ այն է, որ սա շատ լավ հարց է, բայց այդ հարցին ավելի շատ Թուրքիան պիտի պատասխանի, ոչ թե Հայաստանը: Հայաստանը շատ բան է արել այս հարցում, շատ ավելին, քան որևէ մեկը՝ ցուցադրելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու իր պատրաստակամությունը: Բայց այստեղ իրական խոչընդոտը ոչ թե Հայաստանն է, այլ Ադրբեջանը: Թուրքիան չափից ավելի կախված է Բաքվից մեր տարածաշրջանին և Հայաստանին վերաբերող քաղաքական հարցերում: Իսկ Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վերջին ճգնաժամը, հակամարտությունը ձեռնտու է Հայաստանին պատմական դասի տեսանկյունից: Երբ Ռուսաստանն ու Թուրքիան ջերմ ու ամուր հարաբերություններ ունեին, Հայաստանը մշտապես տուժում էր դրանից՝ որպես զոհ: Այս համատեքստում սա վերադարձ է Ռուսաստանի և Թուրքիայի բնական մրցակցությանը: Բացի այդ, այս երկու երկրների հակամարտությունն անխուսափելի էր, կարելի է ասել՝ ժամանակի հարց էր: Հայաստանն այս իրավիճակում պիտի պահպանի ճկունությունը և իր սեփական օրակարգը Թուրքիայի վերաբերյալ: Ուստի պիտի խուսափենք Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ կամ Թուրքիայի կողմից Ռուսաստանի դեմ օգտագործվելու վտանգից:

– Բայց կարծես թե ռուս-թուրքական դիմակայությունը կարող է ինչ-որ չափով ազդել թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա:

– Կարծում եմ՝ շատ վաղ է խոսել այդ մասին, որովհետև Ռուսաստանը վերջին շրջանում լավացնում էր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Ռուսաստանը վերջին մի քանի տարիներին դարձավ Ադրբեջանի թիվ մեկ մատակարարը սպառազինության ոլորտում: Միայն Հայաստանինը չէ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները այդքան սերտ չեն, որքան նախկինում էին: Նրանք ֆունդամենտալ հակասություններ և վեճեր ունեն, այնպես որ՝ Հայաստանը շատ առումներով կարող է շահել, իսկ Ադրբեջանը կարող է շարունակել պարտվել:

– Ի՞նչ դեր կարող է խաղալ Իրանը մեր տարածաշրջանում միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո:

– Ներտարածաշրջանային համատեքստում երկու դրական միտում կա: Առաջինը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարն է: Երկրորդ դրական միտումը Իրանի բացվելն է աշխարհի համար, վերստին Իրանի ներգրավումը գլոբալ տնտեսությանն ու միջազգային հանրությանը: Հայաստանն Իրանի միակ կայուն հարևանն է և նաև կարող է շահել Իրանի հետ երկկողմ, ամուր և կայուն հարաբերություններից: Իսկ Իրանը կարող է օգտագործել Հայաստանը մեկուսացումից դուրս գալու կամ խուսափելու համար: Միաժամանակ Հայաստանը կարող է օգտագործվել Արևմուտքի կողմից որպես հարթակ՝ Իրանին ներգրավելու համար: Հետևաբար սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար, որը չի կարելի բաց թողնել:

– Նկատի ունեք՝ Իրանը կարող է ներգրավել Հայաստանին տնտեսական կամ ավելի ճիշտ՝ էներգետիկ իմաստո՞վ:

– Ոչ էներգետիկ իմաստով, քանի որ պարզ է, որ Ռուսաստանը կսահմանափակի Հայաստանի տարածքով իրանական էներգակիրների տարանցումը: Այնուամենայնիվ, որոշ առևտրային և տնտեսական ոլորտներ կան, և Հայաստանը կարող է օգուտներ քաղել իրանական շուկայում արևմտյան ներգրավումից և նաև ծառայել որպես հարթակ Իրանի համար՝ մտնելու, օրինակ, Եվրասիական տնտեսական միության շուկա:

– Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն այս տարի ավելի խոցելի էր թվում, քան նախորդ տարիներին: Չգիտեմ՝ կհամաձայնե՞ք այս մտքի հետ, թե՞ ոչ: Ո՞րն է սրա պատճառը:

– Ադրբեջանի ռազմական հարձակումներն ակնհայտորեն շատացել են, և թիրախը թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն է: Բայց միևնույն ժամանակ մենք պիտի հիշենք, որ Հայաստանը ռազմական առումով այս տարածաշրջանի ամենահզոր երկիրն է, և նրա ռազմական առավելությունը հիմնված է իր պաշտպանական կեցվածքի, ոչ թե հարձակողական սպառնալիքի վրա: Եվ ես հավատում եմ Հայաստանում ռազմական բարեփոխումների կուրսին: Հայաստանը նախապատրաստվում և մարզվում է` կռվելու հաջորդ պատերազմին և կանխելու հաջորդ պատերազմը, իսկ Ադրբեջանը կրկին ներգրավվում է վերջին պատերազմի մեջ: Ադրբեջանի սպառնալիքներն ու հարձակումները այդ երկիրը դարձրել են թիվ մեկ սպառնալիքը տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Միջազգային հանրությունն ավելի շատ ուշադրություն պիտի դարձնի սրան: Միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ Հայաստանի տնտեսությունն ու ժողովրդավարությունը մեր երկրի ազգային անվտանգության ամենաթույլ կողմերն են:

– Մեր զրույցի ամենասկզբում Դուք նշեցիք, որ Հայաստանը 2015թ. հունվարից դարձել է Եվրասիական միության անդամ: Մեր պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները մինչ այդ համոզում էին մեզ, որ ԵՏՄ-ին միանալն ավելի կամրապնդի Հայաստանի անվտանգությունը, բայց դա առայժմ չի երևում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:

– Կարծում եմ՝ թե՛ իշխանության լավատեսական և թե՛ քննադատական, վատատեսական կանխատեսումները ճիշտ չէին: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, բայց տնտեսական վնասները շատ ավելի քիչ են, քան մենք կանխատեսում էինք: ԵՏՄ-ն շատ ավելի քիչ կենսունակ ու շատ ավելի անլուրջ է առանց Ուկրաինայի, ու թեև ազդեցությունը Հայաստանի վրա բացասական է, բայց այնքան բացասական չէ, որքան կարող էր լինել:

Անվտանգության հնարավորությունները զգալիորեն սահմանափակվել են Ռուսաստանից գերկախվածության և Հայաստանի ու Ռուսաստանի ոչ հորիզոնական, անհավասար հարաբերությունների պատճառով: Իմ կարծիքով՝ Մոսկվան պիտի ավելի քիչ գոռոզամիտ լինի, իսկ Հայաստանը պիտի հասկանա, որ իր նշանակությունն ու արժեքը Ռուսաստանի համար շատ ավելի մեծ է, քան ինքը կարծում է:

– Այս համատեքստում Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ գագաթնաժողովում թերևս շատ հատկանշական էր:

– Ես համաձայն եմ: Շատ առումներով այն ինձ համար անսպասելի էր, և ես ողջունում եմ այդ ելույթը: Հայաստանի նախագահը ՀԱՊԿ-ի վերջին հանդիպմանը Մոսկվայում խոսեց շատ ուժեղ և համարձակ դիրքերից՝ քննադատելով Ռուսաստանին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, քանի որ չեն աջակցում Հայաստանին, երբ հարձակման է ենթարկվում ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանի Հանրապետությունը: Կարծում եմ՝ սա շատ դրական զարգացում է և առաջինը չէ: Մենք տեսնում ենք մի նոր միտում, երբ Հայաստանը սկսում է ավելի շատ պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անկախությունը, բայց սա պետք է շարունակել և չի կարելի սահմանափակվել մեկ-երկու հայտարարությամբ:

– Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարելի՞ է մեկնաբանել, օրինակ, այսպես. Հայաստանի ղեկավարությունն ըստ էության ասում է, որ մենք այլևս որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից:

– Այո: Եկեք անկեղծ լինենք. ՀԱՊԿ-ը իրականում անվտանգության մի շրջանակ է, որտեղ գերիշխում է Ռուսաստանը: Հայաստանի անվտանգության մարտահրավերները չափազանց տարբեր են, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղըզստանի մարտահրավերներից: Դրա հետ մեկտեղ, Հայաստանը ՀԱՊԿ-ի քիչ անդամներից է, որը շատ ավելի ակտիվ է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը նպաստելու և խաղաղության պահպանման գործում: Մյուս կողմից՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին լավ քայլ է: Պետք չէ սա թերագնահատել, բայց ոչ էլ պետք է գերագնահատել: Հայաստանի իշխանությունն, իմ կարծիքով, այս անգամ էլ խելոք վարվեց՝ բացառելով ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության որևէ գաղափար: Սա այնքան էլ լավ գաղափար չի Հայաստանի համար՝ ի տարբերություն Վրաստանի: Ուստի այս համատեքստում ես կարծում եմ՝ Հայաստանը պիտի դառնա ավելի ինքնաբավ և ավելի քիչ հույսը դնի անվտանգության հարցերում օտար պետությունների աջակցության վրա:

– Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վերջերս ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, որ Եվրամիությունը կարող է անվտանգություն առաջարկել Հայաստանին: Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը:

– Մենք ողջունում ենք այս հայտարարությունը: Մենք որոշ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել ԵՄ պատվիրակության հետ Եվրամիության և Հայաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության հարցերի շուրջ: Սա չի հակասում ո՛չ Ռուսաստանի շահերին, ո՛չ էլ Հայաստան-Ռուսաստան անվտանգության ոլորտում հարաբերություններին, բայց վերաբերում է առանցքային ոլորտներին, օրինակ՝ կիբերանվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, անվտանգության այլ բնագավառներին, որոնք առնչվում են Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացմանը նախապատրաստվելուն: Կան կոշտ և փափուկ անվտանգության բազմաթիվ ոլորտներ, որտեղ Եվրամիությունն ու ընդհանրապես Արևմուտքը նշանակալի փորձ կարող են փոխանցել Հայաստանին: Հայաստանն արդեն իսկ ներգրավվել է Լեհաստանի և Գերմանիայի հետ շատ կարևոր ռազմական համագործակցության ու ռազմական արդյունաբերության մեջ: Սա պետք է շարունակել, և պարտադիր չէ, որ սա հակասության մեջ մտնի հայ-ռուսական հարաբերությունների հետ: Ավելի շատ սա փոխլրացման (կոմպլեմենտարիզմ) քաղաքականության հաստատումն է:

 – Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը շարունակում է հետևողականորեն բարձրաձայնել Հայաստանում կոռուպցիայի հիմնախնդրի մասին՝ ասելով, թե սա անվտանգության հարց է: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Միացյալ Նահանգներն այսքան կարևորում կոռուպցիայի խնդիրը Հայաստանում:

– Երկու պատճառ կա: Առաջինը՝ Միացյալ Նահանգները, ինչպես և Եվրոպական միությունը կարևոր դոնոր են և օգնություն տրամադրող Հայաստանի Հանրապետությանը: Կոռուպցիան հասարակության քաղցկեղն է, որն արգելակում է Հայաստանի տնտեսական զարգացումը:

Երկրորդ պատճառը քաղաքական է: Կոռուպցիան, կոռուպցիայի դեմ պայքարի ձախողումն ու այսպես կոչված` օլիգարխներն են արգելակում Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին և հանրային անվստահություն առաջացնում իշխանության հանդեպ: Ըստ իս՝ Հայաստանի իշխանությունները չափից ավելի կոշտ ու սխալ արձագանքեցին ԱՄՆ դեսպանի հայտարարությանը կոռուպցիայի վերաբերյալ: Այո՛, կոռուպցիան ցանկացած երկրում ուղղակիորեն կապված է անվտանգության հետ և առաջացնում է սպառնալիքներ անվտանգության համար: Հայաստանը շատ ավելին պիտի անի կոռուպցիայի դեմ պայքարում՝ հատկապես հաշվի առնելով այն, որ քաղաքականության և բիզնեսի սերտաճումը խորհրդարանում կամ կառավարության մեջ անընդունելի է: Սա կոռուպցիայի ախտանիշն է Հայաստանում:

– 2015թ. Հայաստանում նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ի՞նչ առաջընթաց ունենք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:

– Անցնող տարին ակնհայտորեն շատ հաջողակ էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու իրազեկման, ինչպես նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականության և այսօր ցեղասպանության խնդրի կարևորության մասին բարձրաձայնելու իմաստով: Բայց այս գործընթացը 2015 թվականով չի ավարտվում: Ցեղասպանության հարցը ոչ ավել-ոչ պակաս կարևոր է լինելու 2016թ.: Ցեղասպանությունը ֆունդամենտալ խնդիր է, բայց ես ուզում եմ շեշտել, որ իրականում սա ոչ թե մեր, այլ Թուրքիայի և Հայոց ցեղասպանությունը ժխտողների խնդիրն է: Հայաստանն ինքնավստահ է իրեն զգում և՛ պատմական, և՛ Հայոց ցեղասպանության բարոյականության տեսանկյունից: Օրինակ՝ շատ տխուր է, երբ Օբաման կամ ԱՄՆ մյուս նախագահները բաց են թողնում հնարավորությունը Հայոց ցեղասպանության հարցում բարոյական առավելություն ստանալու առումով, բայց մեզ պետք չի, որ նախագահ Օբաման կամ որևէ այլ համաշխարհային առաջնորդ ճանաչի այն, ինչը մենք վաղուց գիտենք:

– Իսկ ի՞նչ նոր քայլեր պիտի ձեռնարկի Հայաստանն այս ուղղությամբ:

– Այսօր Ցեղասպանության ճանաչման ամենակարևոր ասպարեզն ինձ համար Թուրքիան է: Օրինակ՝ վերջին երեք տարիներին մենք ակտիվորեն մասնակցում էինք Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին Թուրքիայի ներսում՝ թուրքերի հետ: Սա է ամենակարևոր ասպարեզը: Եվ մենք ավելի շատ ուշադրություն պիտի դարձնենք և քաջալերենք նրանց, ովքեր ցանկանում են առերեսվել անցյալի և Ցեղասպանության փաստի հետ:

– Բայց սա երևի կարճաժամկետ հեռանկարի հարց չէ:

– Ոչ և չի էլ կարող լինել: Սա միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված հարց չէ, սա ազգային խնդիր է, սա Սփյուռքի և հայ բնակչության խնդիրն է, այսինքն՝ սա ողջ հայ ազգի, ոչ թե պարզապես Հայաստան պետության խնդիրն է: Այնպես որ՝ սա երբեք չպետք է լինի կարճաժամկետ հեռանկարի խնդիր, ոչ էլ պիտի լինի մարտավարական. սա պետք է լինի ռազմավարական խնդիր:

– 2015 թվականը առաջընթացի՞, թե՞ ավելի շատ հետընթացի տարի էր ղարաբաղյան հակամարտության համար:

– Ես կասեի`՝ հետընթացի տարի էր: Աճել է հարձակումների թիվը, մարդկանց կորուստների թիվն անընդունելիորեն բարձր է: Բայց միևնույն ժամանակ վտանգավոր միտումներ կան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներսում: Ղարաբաղն այս տարի, դժբախտաբար, ավելի քիչ ժողովրդավարական էր, տնտեսապես ավելի քիչ զարգացած, քան նախորդ տարի: Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել Լեռնային Ղարաբաղի ներսում ժողովրդավարության բացակայությանը:

– Կարելի՞ է ասել, որ այս տարի ավելի մոտ էինք իրական մեծ պատերազմին, քան երբևէ վերջին 20 տարիների ընթացքում:

– Ես կասեի՝ ոչ: Հարցը պատերազմին մոտ լինելը չէ, այլ այն, որ մեծացել է պատահական, սխալ հաշվարկի վրա հիմնված պատերազմի ռիսկը: Եվ այդ սխալ հաշվարկը հիմնականում գալիս է Ադրբեջանից: Ադրբեջանը ոչ մի դեպքում պատրաստ չի վարելու պատերազմ և հասկանում է դա, բայց փոքր հարձակումները մեծացրել են վտանգն ու ռիսկի աստիճանը: Էսկալացիան կարող է դուրս լինել ռազմական ղեկավարների ծրագրերից: Հետևաբար պատահական պատերազմի վտանգը ավելի մեծ է, քան երբևէ:

– Որո՞նք պիտի լինեն միջնորդների և կողմերի առաջնային խնդիրները 2016թ.: Գուցե գլխավոր խնդիրն այսօր զինադադարի պահպանման մասին նոր համաձայնագիր ստորագրե՞լն է:

– Առաջնահերթությունները վերադարձել են դիվանագիտության հիմունքներին: Դրանք են, այո՛, զինադադարի ամրապնդումը: Դա հիմնականում պայմանավորված է երկու նպատակով՝ կենդանի պահել խաղաղ բանակցությունների գործընթացն ու շարունակել դիվանագիտությունն ու հանդիպումները, երկրորդը՝  կանխել պատերազմն ու սահմանափակել ռազմական գործողությունները: Բայց այստեղ իրական խնդիրն Ադրբեջանն է, քանի որ Արևմուտքը, միջազգային հանրությունը շատ քիչ լծակներ ունեն Ադրբեջանի վրա և շատ քիչ հնարավորություններ կան Ադրբեջանին զսպելու:

– Այդ դեպքում ո՞վ պիտի զսպի Ադրբեջանին:

– Ոչ ոք, քանի որ այս ռազմական էսկալացիան, ռազմական ագրեսիան նաև գալիս է Ադրբեջանի ներքին քաղաքականությունից: Գոյություն ունի ներքաղաքական համատեքստ, որտեղ ղարաբաղյան հարցը շատ կարևոր դեր է խաղում մարդկանց ուշադրությունը ներքին՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական խնդիրներից շեղելու համար: Ուստի չեմ կարծում, թե որևէ մեկը կարողանա ազդել այդ երկրի վրա, քանի դեռ չի փոխվել Ադրբեջանի իշխանությունը կամ քաղաքականությունը Ադրբեջանում: Սակայն ամենամեծ վտանգն ավելի լայն մասնակցություններն են: Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաճի ուղղակի պատերազմի, կարող է շատ արագ ներգրավել այնպիսի տարածաշրջանային գերտերությունների, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

– Այսինքն` սա կարող է տանել լայնամասշտաբ պատերազմի:

– Իհարկե, որովհետև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը մրցակցող շահեր ունեն՝ ի պատասխան պատերազմի հնարավոր բռնկման:

– ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի օր առաջ հայտարարել է, որ մենք այլևս չունենք հրադադարի ռեժիմ հակամարտության գոտում: Դուք համամի՞տ եք այս գնահատականի հետ:

– Ես ողջունում եմ այդ հայտարարությունը, քանի որ դա իրավիճակի իրատեսական գնահատական էր, որ մենք բառացիորեն չափում ենք հրադադարի ռեժիմի խախտումները զոհերի մարմիններով, ոչ թե կրակված փամփուշտների քանակով: Մենք չհայտարարված պատերազմի վիճակում ենք, և այս ագրեսիայի պատասխանատվությունը պետք է դրվի ոչ թե բոլոր կողմերի, այլ հարձակվողի կամ ագրեսորի՝ Ադրբեջանի վրա:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ո՞ր ուղղությունները պիտի գերակա լինեն 2016թ.:

– Նախ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու կարգավորման հնարավորությունը: Երկրորդը՝ չպետք է բաց թողնենք Իրանին ներգրավելու հնարավորությունը, և սա պետք է դառնա գերակայություն:

Երրորդ գերակայությունը պետք է լինի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ավելի հավասարակշիռ և համաչափ դարձնելը: Բայց միաժամանակ պետք է ասեմ, որ իրական մարտահրավերները ոչ թե արտաքին, այլ ներքին քաղաքականության դաշտում են: Առաջնահերթությունը ժողովրդավարության բացակայությունն ու տնտեսական վիճակն է, որին Հայաստանն առերեսվեց 2015-ին: Եվ պետք է վերջ տալ օլիգարխիկ համակարգին: Սա պետք է լինի Հայաստանի առաջնահերթությունը:

– Շատ փորձագետներ համոզված են, որ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը լայն հնարավորություններ է ստեղծել Հայաստանի համար, և Հայաստանը կարող է օգուտներ քաղել նոր իրավիճակից: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:

– Եկեք անկեղծ լինենք: Մենք ամեն տարի էլ տեսնում ենք դինամիկ փոփոխություններ, անշարժ վիճակ չի լինում: Փոփոխություններն անխուսափելի են: Սա առաջացնում է և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ: Հայաստանը պետք է դադարի բաց թողնել հնարավորությունները: Հայաստանը պիտի կարողանա ավելի լավ դիրքավորվել, որպեսզի օգտագործի իր առավելությունները և պոտենցիալը վերածի իրականության:

– Եվ կրկին պետք է նշենք, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այնքան էլ ակտիվ չի այս հարցերում:

– Ես համաձայն չեմ: Արտաքին գործերի նախարարությունը շատ ակտիվ է: Խնդիրն այն է, որ ընդհանուր կառավարությունը պետք է ավելի ակտիվ լինի, բայց պիտի ակտիվ լինի ճիշտ ուղղություններով: Ակտիվությունը կարևոր է, բայց դա բավարար չէ, քանի որ մենք ռազմավարական տեսլականի կարիք ունենք: Սրա պատճառն այն է, որ կառավարությունն ավելի լավ պիտի աշխատի իր քաղաքականությունը հստակեցնելու և պաշտպանելու հարցում: Ցավոք սրտի, Հայաստանի այս նախագահը չի սիրում մամուլի ասուլիսներ տալ, խոսել իր բնակչության հետ: Երևի այս գործելաոճն էլ պիտի փոխվի: Մեզ պետք է իշխանություն, որը կծառայի ժողովրդին: Հակառակն անընդունելի է. չի կարելի պարտադրել ժողովրդին ծառայել իշխանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում