ԱՄՆ-ը «հաստատապես հանձնառու է» Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
Նրան խնդրել էին մեկնաբանել շաբաթ օրը Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Ինչպես ընդգծել է Կիրբին՝ «այդ գագաթնաժողովը երկու երկրների առաջնորդներին հնարավորություն է տվել տարվա մեջ առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելու և դիրքորոշումները պարզաբանելու»։ Նրա խոսքով՝ «նախագահները խոստովանել են իրադրության վատթարացումը»։
Կիրբին նշել է Վաշինգտոնի աջակցությունը «խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի կրճատմանն ուղղված միջոցառումներին»։ Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը «ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում է քննարկել այդ բոլոր միջոցառումները»։
Պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է «ժողովրդական դիվանագիտության կարևորությունը, հատկապես ԼՂ համայնքներում, որտեղ մարդիկ սերունդներով ապրել են կողք կողքի և այժմ պետք է կրկին վստահեն միմյանց»։