Ադրբեջանը 2 միլիոն եվրո կփոխանցի Աֆղանստանի Ազգային բանակի Վստահության հիմնադրամին: Այդ մասին ասել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը նվիրված նախարարների ժողովում, որը տեղի է ունեցել Բրյուսելում, հայտնում է trend.az-ն:
Նախարարը նշել է, որ Աֆղանստանում մինչ այժմ գոյություն ունեն որոշակի խնդիրներ:
«Մենք աֆղան ընկերների հետ դեռ շատ անելիքներ ունենք: Ադրբեջանը կշարունակի իր զորակազմով, բազմաֆունկցիոնալ տարանցիկ հնարավորություններով, զորավարժություններով և ֆինանսական օգնությամբ զգալի ներդրում անել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցության» առաքելությունում»,- ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքերով` Ադրբեջանը արդեն Աֆղանստանի Ազգային բանակի Վստահության հիմնադրամին 1 միլիոն եվրո է փոխանցել, և մինչև 2017 թվականի վերջը կփոխանցի ևս 2 միլիոն:
Նախարարը հայտնել է, որ Աֆղանստանի կայունությունը Ադրբեջանի համար ավելին է, քան պարզապես ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելը: «Ադրբեջանը հանդիսանում է Մետաքսե ճանապարհի մի մասը, որը կմիացնի Աֆղանստանը Եվրոպայի հետ և դրանով կայուն զարգացման ճանապարհ կբացի»,- ասել է նախարարը: